Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ հիջաբը (իսլամական ավանդական գլխաշոր) վերադառնում է թուրքական համալսարաններ։ 14-ամյա ընդմիջումից հետո թուրքական համալսարաններն առաջին անգամ իրենց դռներն են բացում հիջաբով ուսանողուհիների համար։ Դրանով վերացվեց երկար տարիներ Թուրքիայի միջին ու բարձրագույն կրթական հաստատություններում գործած հիջաբ կրելու արգելքը։
Թուրքիայի ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի վերացումը պատճառաբանվել է «քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պահպանելու անհրաժեշտությամբ», քանի որ թուրք կանանց 2/3-ը հիջաբ է կրում։ Շատ թուրք կանայք բարձրագույն կրթություն չեն ստանում համալսարաններում գործող հիջաբի արգելքի պատճառով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս առաջին տիկին Հայրյունիսա Գյուլը 2002 թվականին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ նրան գլխաշոր կրելու պատճառով չէին ընդունել Անկարայի համալսարան։ Բայց երբ նույն թվականին նրա ամուսին Աբդուլլահ Գյուլը դարձավ Թուրքիայի արտգործնախարար, Հայրյունիսան հետ վերցրեց իր հայցը։
Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բուհերում հիջաբի վերացման հարցի շուրջ առաջին անգամ պաշտոնապես խոսել է 2007 թվականի հուլիսի խորհրդարանական ընտրություններում և հատկապես 2007 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակից հետո՝ 2007 թվականի սեպտեմբերին` դա դիտարկելով որպես հասարակության ժողովրդավարացմանն ուղղված քայլ։
Թուրքիայի աշխարհիկ ընտրանին՝ ներառյալ գեներալները, դատավորներն ու համալսարանների ռեկտորները, կարծում են, որ ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը չափազանց կարևոր է՝ կրոնից պետության անջատման պահպանման համար։











































