Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ.
«Իսկապես երեխաների կրթություն ստանալու տեսակետից սա շատ կարևոր քայլ է։ Ինչ խոսք, առաջիկայում մարտահրավերներ կան. կա այստեղի և այնտեղի երեխաների համատեղության խնդիրը՝ այս երեխաները արևելահայերեն են խոսում, իսկ դպրոցներում արևմտահայերենով է ուսուցումը։ Մի խնդիր էլ կա՝ Թուրքիայի հայկական դպրոցները ունեն իրենց դասավանդման ծրագիրը, այս երեխաները դրան ևս պիտի հարմարվեն, պետք է թուրքերենով դասավանդվող առարկաներին կարողանան մասնակցել, իսկ դրա համար հարկավոր է լեզուն այդ ուղղությամբ զարգացնել։ Այսպիսի հեռանկարային հանգամանքներ կան, որ պետք է իրենց պատասխանները գտնեն»։
Արա Գոչունյանը նաև հայտնեց, որ Թուրքիայում դասերը դպրոցներում սկսվում են սեպտեմբերի երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների երեխաները նախկինում իրավունք չունեին դպրոց հաճախելու:









































