Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով Ադրբեջան այցելած Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մենք վաղ թե ուշ «կհասնենք Ադրբեջանի օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերմանը։ Ավելի լավ կլիներ, եթե դա շուտ տեղի ունենար։ Դա կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանն ու դրանում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություն կընձեռի Ադրբեջանին ու Հայաստանին»։
Երեմիչն իր հերթին նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությունը և նրա ինքնիշխանությունը միջազգային իրավունքի բոլոր փաստաթղթերի հիմնական տարրերն են։








































