Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է մոտ ապագայում հյուպատոսարաններ բացել ևս երկու թուրքական քաղաքներում։
Պլանավորված է նոր դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Իզմիրում ու Անթալիայում (Իզմիրը Թուրքիայի երրորդ խոշոր քաղաքն է (Ստամբուլից ու մայրաքաղաք Անկարայից հետո), իսկ Անթալիան էլ հայտնի է որպես զբոսաշրջային խոշոր վայր, ուր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաև մեծ թվով ադրբեջանցիներ.- 1in.am)։ Դրանք կնպաստեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդմանը։
Նշվում է, որ մինչ այս Ադրբեջանը հյուպատոսարաններ է բացել Ստամբուլում ու Կարսում (Ստամբուլը Թուրքիայի խոշորագույն քաղաքն է, իսկ Կարսն ունի մեծաթիվ ադրբեջանական բնակչություն.- 1in.am)։
Հիշեցնենք, որ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը բացվել է 1992 թվականին, իսկ Կարսի ադրբեջանական հյուպատոսությունը բացվել է 2004 թվականի ապրիլի 12-ին։
Ի դեպ, Կարսում ադրբեջանական հյուպատոսության բացման կապակցությամբ Իգդիրի նահանգի բնակչությունը դժգոհություն հայտնեց, թե ինչու այն չի բացվել Իգդիրում, որը համարվում է դեպի Նախիջևան բացվող դարպաս: Դժգոհության պատճառն այն է, որ Նախիջևան այցելել ցանկացող Իգդիրի բնակչությունն անցագիր ստանալու համար ստիպված է մոտ 400 կիլոմետր ճանապարհ կտրել` Կարս հասնելու և հետ վերադառնալու համար:








































