ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը իշխանության իրականացրած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում է կատարվել, և չի կարծում, որ Օհանյանի ձերբակալումը արմատական քայլ է. «Նման պաշտոնյայի ձերբակալությունը չէ, որ պիտի ցույց տա, որ իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, որովհետև մենք բազմաթիվ նմանատիպ կոռուպցիոն դրսևորումներ տեսել ենք, և ընդամենը Վերահսկիչ պալատը հայտնաբերում է այդ խախտումները, փորձում են վերացնել ու դրանով ամեն ինչ վերջանում է»:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ հերթական ներքին անհամաձայնության պատճառով են ձերբակալել Օհանյանին. «Որևէ մեկը, ըստ էության, չի հավատում, որ բենզինի յուրացման պատճառով են ՃՈ պետին բռնել, կարծում եմ, որ այլ խնդիր կա, թերևս ինչ-որ խաղի կանոնների խախտում է եղել»:
«Ժառանգական» պատգամավորը նկատեց, որ հաշվի առնելով իշխանության քարոզչական հնարավորությունները, ՃՈ պետի ձերբակալությունը կարող է օգտագործվել հասարակությանը ցույց տալու համար, թե տեսեք՝ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյային չենք խնայում, բայց, ըստ Մարտիրոսյանի, դժվար թե հասարակությունը հավատա այդ ամենին:









































