ԱՄՆ-ի պետդեպարտամենտը չի մեկնաբանի Wikileaks-ի նոր դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելու մտադրությունները, սակայն հիշեցնում է, որ գողացված ինֆորմացիան վնասում է ԱՄՆ շահերին և հետապնդվում է օրենսդրությամբ: Այս մասին հայտնել է RIA-Novosti գործակալությունը:
«Կարծում եմ, որ զարմանալի չի լինի, եթե ես այսօր էլ հրաժարվեմ մեկնաբանել Wikileaks-ի հրապարակումները: Սակայն ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ը դատապարտում է ծառայողական ինֆորմացիայի ցանկացած անօրինական բացահայտում: Բացի նրանից, որ այն վնասում է մեր երկրի դիվանագիտական շահերին և ազգային անվտագությանը, նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում ԱՄՆ հետ համագործակցող մարդկանց անվտանգությունը և մեր քաղաքականությունն այն երկրների հանդեպ, որոնց հետ մենք ցանկանում ենք հարցեր լուծել»,- երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Նա նշել է, որ իր գերատեսչությունը շարունակում է հետևել նման հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել հասցված վնասների կանխարգելման ուղղությամբ: «Մենք անում ենք ամեն ինչ փաստաթղթերում հիշատակված մարդկանց օգնելու համար»,- ասել է Նուլանդը:
Պետդեպարտամենտի՝ նոր ծառայողական փաստաթղթեր հրապարակելու մտադրության մասին Wikileaks-ի կայքում հայտարարվել է օգոստոսի 26-ին:










































