2011թ. օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել: Հելսինկյան ասոցիացիայի ունեցած տեղեկություններով Ա. Մարտիրոսյանը ինքն իրեն պատճառել է վնասվածքներ ձեռքի և որովայնի շրջաններում: Նա սկզբում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս: Բժիշկները ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի կյանքը փրկել են, ձեռքերին և որովայնին պատճառված վնասվածքների հետևանքով մոտ 150 կար է դրվել և այժմ այդ վիճակով վերջինիս պատրաստվում են տեղափոխել բանտախուց:
Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Դատական նիստը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009 թ. կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 3-րդ մաս և 236 հոդվածի 3-րդ մասով: Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:








































