Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել երկրի անջատողական շրջանների հանդեպ որդեգրած քաղաքականությունը։ Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած այսպես կոչված նախագահական ընտրություններն օրինական չեն։ Աբխազիայի հետագա ճակատագրին առնչվող ոչ մի որոշում չի կարող համարվել օրինական, քանի որ ստեղծված պայմաններում բնակչության ¾-ը զրկված է եղել քվեարկության իրավունքից։
Զավթիչների ու նրանց խամաճիկների կողմից իրականացված հանցագործություններն արմատականորեն փոխել են Աբխազիայի ժողովրդագրական կերպարը և խոչընդոտ են հանդիսացել վրացիների, ուկրաինացիների, հայերի, հույների, էստոնացիների, ադրբեջանցիների և այլ ազգերի հարկադիր վերաբնակների վերադարձի համար։
Աբխազիայում մնացած բնակչության իրավունքներն օրեցօր խախտվում են օկուպացիոն ռեժիմի կողմից, իսկ միջազգային դիտորդները զրկված են Աբխազիա ներթափանցելու իրավունքից։ Մենք միջազգային հանրության բոլոր անդամներին կոչ ենք անում ադեկվատ գնահատական տալ Աբխազիայում տեղի ունեցած «հերթական խեղկատակությանը» և շարունակել նրա չճանաչման նպատակամղված քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած վաղաժամ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը՝ հավաքելով քվեների 54.9 տոկոսը։ Աբխազիայում նախագահական այդ ընտրություններն արդեն իսկ դատապարտել են ԱՄՆ-ը, Եվրախորհրդարանը և ՆԱՏՕ-ն։