ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը որևէ կապ չի տեսնում Հայաստանի մասին WikiLeaks-ի հրապարակումների և առաջիկայում սպասվելիք նախընտրական շրջանի հետ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Մանոյանը հիշեցրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ եղան WikiLeaks-ի առաջին հրապարակումները Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Հայաստանի մասին շուրջ 700 փաստաթուղթ կա. «Առայժմ ընդամենը 100-ն է հրապարակվել, և դեռ պիտի սպասենք ևս 600-ի, որտեղ, վստահ եմ, բավականին հետաքրքիր տեղեկություններ կլինեն, բայց չեմ կարծում, որ այդ հրապարակումները որևէ դիտավորություն ունեն և առնչվում են մեր ներքաղաքական կյանքին»:
Ըստ Մանոյանի՝ այս ամենը WikiLeaks-ի աշխատաոճն է, և պետք չէ որևէ կապ ու դիտավորություն փնտրել:
Մանոյանի դիտարկմամբ՝ եթե WikiLeaks-ը հրապարակեր ԱՄՆ-ը, ապա, հնարավոր է՝ նպատակներ լինեին, սակայն այն հրապարակում է ԱՄՆ կողմից հետապնդվող մի կառույց. «Եթե այս հրապարակումները լինեին անգամ միջազգային լրատվամիջոցներում, ապա կարելի էր ենթադրել, որ ամերիկյան ազդեցությունն առկա է, սակայն այս դեպքում նման բան չենք կարող ասել»:






































