Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ աշխատակից, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսեցին «Թուրքիայի կողմից եկեղեցիների և եկեղեցական գույքի մի մասի վերադարձը՝ որպես Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա ազդելու միջոց» թեմայի շուրջ:
Լ.Շիրինյանը հայտարարեց, որ լքյալ եկեղեցիների և եկեղեցական գույքի մասին օրենքի նախագիծը պետք է չեղյալ համարվի, քանի որ թուրքագետը սա համարում PR քայլ: «Սա թուրքական քաղաքականության արդյունք է, որը չնչին քայլ է համարվում ճանաչման գործընթացում և ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում»,- շարունակեց Լ.Շիրինյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի օրինագիծ մինչև վերջ չի լուծվել:
Ա.Հովհաննիսյանը հավելեց, որ եթե նույնիսկ այս օրենքի նախագիծը մտի թուրքական խորհրդարան, Մեջլիսի ընդդիմադիր թևի ներկայացուցիչները կընդդիմանան:
«Սա շատ հմուտ կազմակերպված քայլ է. հիշենք, որ ամռանը ԱՄՆ Կոնգրեսում հայեցակարգին դեմ միայն մեկ ձայն կար»,- մեկնաբանեց Ա.Հովհաննիսյանը: Վերլուծելով վերջին շրջանի թուրքական քաղաքականությունը՝ թուրքագետը նշեց, որ սա նպատակ ունի շահելու Թուրքիայում հայ համայնքի համակրանքը, կտրելու նրանց «ընդհանուր Սփյուռք» հասկացությունից, որը նրանց համար «վատ Սփյուռքն» է:
Լ.Շիրինյանը սա համարեց որոշակի քայլ, բայց նաև տեղեկացրեց, որ Հայ Դատի գրասենյակները նույնպես սա գնահատում են որպես չնչին:






































