ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ծաղկաձորում չնախատեսված հանդիպում է ունեցել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կազմակերպած սեմինար քննարկման մասնակիցների հետ: «ՀՀ ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավորությունները» թեմայով կազմակերպված երկօրյա համաժողովին (օգոստոսի 26-ից 28-ը) մասնակցում են հիմնականում ավելի քան 60 երիտասարդ գիտնականներ և լրագրողներ:
Ս. Սարգսյանը նշեց, որ Ծազկաձորում է` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» շենքի վերանորոգման աշխատանքների արդյունքները տեսնելու նպատակով: «Մեր երիտասարդական հիմնադրամը պետք է ունենա ավելի բարեկարգ շենք, եկել էի, որպեսզի ինքս համոզվեմ, համոզվեցի, բայց քանի որ իմացա որ այստեղ հավաքվել եք, ուզում էի գալ տեսնել` ինչի համար եք հավաքվել, ինչ եք ուզում»,- ասել է ՀՀ նախագահը`նշելով, որ ինքը արդեն հանձնարարել է իր օգնական Վիգեն Սարգսյանին ճշգրտել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչների առաջիկա 1 ամսվա ընթացքում նախատեսվող հանդիպման ժամկետները: «Հիմնական, հարցերը լավ կլինի, որ պահեք այդ հանդիպման համար»,- առաջարկեց ՀՀ նախագահը:
Նախաձեռնության ներկայացուցիչներից Խաչիկ Գևորգյանը նշեց, որ համաժողովին մասնակցող Ժառանգության, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել բյուջեի նկատմամբ գիտության ծախսերը 2012թ. ՀՀ պետական բյուջեում հասցնել առնվազն 3%-ի: «Երևի թե այդպիսի ցանկություն կա էլի որ համաձայնության գան, որովհետև բյուջետային պրոցեսները նախ շատ վաղուց են սկսվել, ինչպես գիտեք մեր երկրում վաղուց եռամյա ծրագրավորման ենք անցել և միջնաժամկետ ծրագրերը կոնկրետ 2012թ. համար հաստատվել են դեռևս անցյալ տարի»,- արձագանքեց Ս. Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ դուք ավելի առարկայական քննարկումներ կարող եք ունենալ, ավելի ճիշտ ճանապարհով կարող եք գնալ:
Այսինքն` ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում, և դա շատ է թե քիչ, լավ է կառավարվում, թե վատ է կառավարվում: Էն գլխից դուք ասում եք` եկեք ավելացնենք: Բայց ի՞նչը ավելացնենք` լա՞վ է կառավարվում դա: Միգուցե ճիշտ կլինի մի հատ էլ էդ ֆինանսների կառավարման մեջ փորձեք մտնել, փորձեք տեսնել` այդ միջոցները արդյո՞ք արդյունավետ են ծախսվել: Ես կարծում եմ, որ սա գիտնականին վայել մոտեցում կլինի: Թե չէ զուտ կենցաղային մոտեցում եք ցուցաբերում, ասում եք` ինչքան շատ լինի մեր ֆինանսավորումը, այնքան կարող է շատ վաստակենք: Բայց դա ճիշտ մոտեցում չէ, արդյունավետ մոտեցում չէ»:
«Ծախսերի արդյունավետության հարցը հանդիսանում է երկու քննարկվող հարցերից մեկը և բազմաթիվ հասցեագրված մեխանիզմներ են առաջարկվում և քննարկվում»- նախագահի դիտարկմանը արձագանքեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը` հավելելով, որ արդյունավետության բարձրացման հետ կապված շատ հարցեր չեն ենթադրում ֆինանսավորման ավելացում, ինչպես օրինակ անկախ գիտական փորձաքննության մասին օրենքի ընդունման անհրաժեշտության դեպքում է: «Այդ օրենքի ընդունումը անհրաժեշտ է հենց այն պատճառով, որ փորձաքննության ժամանակ շահերի բախում և ֆինանսների աննպատակ վատնում տեղի չունենա»,- ասաց Ա. Իշխանյանը:
Սերժ Սարգսյանը առաջարկեց բոլոր նմանատիպ հարցերը համախմբել և ներկայացնել իրեն առաջիկա հանդիպման ժամանակ: «Յուրաքանչյուրին թվում է, թե ինքը ուրիշի գործը կարող է շատ ավելի լավ անել: Ցավոք սրտի դա մեզ մոտ համարյա թե դառնում է ազգային բնավորության գիծ: Երկու պաշտոնյա միշտ իրար հետ հանդիպում են, քննարկում են երրորդի լավ թե վատ աշխատանքը, փոխանակ իրենք նաև փորձեն տեսնել` իրենք ինչպես են աշխատում, ոնց են աշխատում: Կոնկրետ ես կարծում եմ ճիշտ կլինի մինչև հանդիպումը դուք որպես երիտասարդ շահագրգռված գիտնականներ գոնե միայն ակադեմիական համակարգի համար փորձեք տեսնել` անհրաժեշտություն կա՞ արդյուք այդքան հաստատությունների և այդ հաստատություններն աշխատում են ամբողջովի՞ն, թե՞ ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Ու հետո կխոսենք փող ավելացնելուց»- ասաց Ս. Սարգսյանը:
«Բայց հիմա ավելացնելը պարտադիր պայման է»,- արձագանքեց Ա. Իշխանյանը: «Ուրեմն որևէ մեկը ճիշտ չի վարվում, երբ որ գնում է խոսակցության ու ուլտիմատում է դնում: Եթե ասում ես պարտադիր, բա ուլտիմատումը ո՞նց է լինում: Մեր երկրում և ընդհանրապես ճիշտ չէ փորձել ճնշումներով ինչ-որ խնդիրներ լուծել»- նշեց Ս. Սարգսյանը: Սեմինարի մասնակիցները բարձրացրեցին նաև մեր երկրում գիտնականի նկատմամբ հասարակության վերաբերմումքի, հարգանքի, գիտնականների աշխատավարձի (որը սովորաբար 32 հազար 500 դրամ են) հետ կապված հարցեր: «Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար, դուք կփորձեք այդ ֆոնդը կառավարել, դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, Ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»,- ասաց Ս. Սարգսյանը:








































