ԱՄՆ-ի իշխանությունները Պաղեստինի ղեկավարությանը պաշտոնապես տեղեկացրել են, որ կիրառելու են վետոյի իրենց իրավունքը, եթե Պաղեստինը մտադրվի դառնալ ՄԱԿ-ի լիարժեք անդամ և հայտարարի 1967թ-ի սահմաններով անկախ պետություն հռչակելու մասին: Այս մասին հայտնում է Լոնդոնում հրատարակվող Ալ-Կուդս Ալ-Արաբի անգլիալեզու թերթը:
Նման դիրքորոշման մասին Պաղեստինի Ազատագրության Կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Սաիբ Օրեյկատին հայտնել է Յերուսաղեմում ԱՄՆ հյուպատոս Դենիել Ռուբինշտեյնը: Ամերիկյան դիվանագետը հայտնել է, որ եթե Պաղեստինը հայտարարի միակողմանի անկախության մասին, ապա ԱՄՆ-ը կկրճատի Պաղեստինին տրվող օգնությունը:
Հիշեցնենք, որ այս տարի մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերին դիմել ՄԱԿ-ին Պաղեստինի անկախությունը 1967թ-ի սահմաններով ճանաչելու պահանջով:









































