Հայաստանի կառավարությունը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցի մասին: Ըստ տարածված տեղեկության, Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի տոնի առիթով, իսկ Էրդողանը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Քրիստոսի Պայծառակերպության գալիք տոնի, այլ ժողովրդական լեզվով ասած՝ Վարդավառի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը խոսել են հայ-թուրքական կարգավորման մասին, հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել օդային բեռնափոխադրումներ: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը գուցե հնարավոր է համարել հուլիսի 1-ի հանդիպման երրորդ կոնկրետ արդյունք կամ պայմանավորվածություն, որն իր նշանակությամբ իհարկե գուցե առաջինն է, իսկ հնարավոր է նաև՝ միակը: Բանն այն է, որ հայ-թուրքական գործընթացի ներկայիս փուլում արձանագրվող պայմանավորվածությունները խոշոր հաշվով ունեն հարաբերական բնույթ այնքան ժամանակ, քանի դեռ չեն դարձել իրականություն: Իսկ իրականություն դառնալը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, կախված ոչ թե բուն հայ-թուրքական գործընթացից, այլ թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական հարաբերությունից:
Հատկանշական է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ իր նախաձեռնությամբ, և ի թիվս այլ հարցերի քննարկման, նաև Պուտինին իրազեկել հայ-թուրքական շփումների մասին: Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի այն, որ հայ-թուրքական գործընթացում որոշակի առաջ քայլը տեղի է ունենում նաև ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում Էրդողան-Բայդեն շփումներից հետո: Ընդ որում, այդ համատեքստում Թուրքիան բավարարեց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը, որի վերաբերյալ մինչ այդ առաջ էր քաշում պայմաններ: Արդյո՞ք Թուրքիայի պայմանների բավարարումը ներառել է նաև իր հերթին Թուրքիայի որոշակի ընդառաջ քայլ հայ-թուրքական հարաբերության համատեքստում:
Ակնառու է մի բան, որ տեղի ունեցողը բոլոր դեպքերում չունի շրջադարձային իմաստ և առաջ քայլ լինելով, այդուհանդերձ ակնհայտորեն շատ ավելի լայն ու բազմակողմ գործընթացի մի մաս է: Անշուշտ, ողջունելի մաս, հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական կարգավորման դրական դինամիկան կարող է օգնել կառավարել ռիսկերը ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից սակայն, իր հերթին ռիսկ է այսպես ասած «զգոնության բթացումը», հետևաբար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը չհայտնվի այսպես ասած «վիշապի հիպնոզի» ներքո, որ տեղի է ունենում կուլ գնալուց առաջ: Խոսքն իհարկե այն բանալ ընկալման մասին չէ, որ Թուրքիան կուլ է տալու Հայաստանը, այլ հենց բազմակողմ լայն գործընթացում կուլ գնացող չլինելու: Ի դեպ, հուլիսի 10-ին տեղի է ունեցել նաև Էրդողանի հեռախոսազրույցը Իսրայելի նոր վարչապետ Յավիր Լապիդի հետ:







































