ԱԺ-ն ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով հնարավորություն է ընձեռնվում 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի այն վճիռները, որտեղ արձանագրվել է կոնկրետ դատավորի կողմից միտումնավոր կամ կոպիտ անփութությամբ խախտում, վերանայել և եթե այդ շղթայում 1 կամ մի քանի դատավոր է, հասկանալ, թե ինչ կարգապահական խախտում է տեղի ունեցել և դրանով վարույթ հարուցող մարմինները հարուցեն վարույթ, ապա միջնորդություն ներկայացնեն ԲԴԽ:
Նշվում է, որ այս փոփոխության որդյունքում հնարավորություն կլինի պատասխանատվության ենթարկել «Մարտի 1»-ի գործով դատավորներին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պետական պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ տեսակետի հետ, որ այս փոփոխություններ արվել է հիմնականում «Մարտի 1»-ի գործով դատավորներին պատասխանատվության կանչելու համար. «Եթե տեքստը նայենք այդ փոփոխության, որն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, մնում է նախագահը ստորագրի, այնտեղ ամեն բան հստակ է: Սա վերաբերում է բոլոր այն դատավորներին, որոնք որպես դատարան հանդես գալիս իրենց լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ են արել: Այստեղ դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը պետք է հստակ լինի: Սա չի վերաբերում միայն «Մարտի 1»-ին, այլ բոլոր դեպքերին: 15 տարվա ժամկետն էլ ընտրված է այն պարզ պատճառով, որ ՄԻԵԴ-ի առաջին վճիռները 15 տարի առաջ են սկսել գալ: ՄԻԵԴ-ի առաջին վճիռը Հայաստանի հետ կապված, եթե չեմ սխալվում, կայացվել է 2007-2008-ին: Քանի որ ՄԻԵԴ-ի վճիռն է այն հիմքը, որի հիման վրա կարող է կարգապահական վարույթ սկսվել, դրա համար տարին լիարժեք բավարար է այս գործիքը գործարկելու համար: Այստեղ միայն «մարտի »-ի գործերը չեն, նաև Երևանի կենտրոնում օտարումների գործերը, երբ մարդկանց սեփականությունը խլում էին, կամ այլ դեպքերով, երբ դատարանը ուղղակի դիտավորությամբ մարդու իրավունքները խախտել է»,-ասաց Հովակիմյանը:
Նրա խոսքով, երբ օրենքն ուժի մեջ մտնի, արդեն ԲԴԽ-ն ինքը հանգիստ կարողանալու է քննել այդ գործերը:
Հարցին, թե այդուհանդերձ, «Մարտի 1»-ի գործերով ի՞նչ ակնկալիքներ կան այս փոփոխություններով պայմանավորված, Վահագն Հովակիմյանն ասաց. «Քանի որ սա ընդհանուր բոլոր դեպքերի համար է, դրա համար պետք չի առանձնացնել «Մարտի 1»-ը կամ Հյուսիսային պողոտայի կառուցապատման դեպքերը: Սրանք այն դեպքերն են, երբ մի խնդրի հետ կապված բազմաթիվ գործեր են եղել: Բայց մենք ունենք նաև դեպքեր, երբ, ասենք, անհատ քաղաքացու ճակատագիր է խեղվել դատարանի որոշմամբ և հետագայում ՄԻԵԴ-ը դա արձանագրել է, որ դատարանը դիտավորությամբ մարդու իրավունքների խախտում է թույլ տվել»:
Տեսակետին, որ աս փոփոխությունն արվում է նաև այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի վճիռների պատճառով ՀՀ բյուջեն մեծ կորուստներ է կրում ու հիմա այդ բեռը կփորձի տեղափոխել ենթադրյալ մեղավոր դատավորների վրա, նա արձագանքեց. «Ամենասխալ բանը, որ անում ենք, դա մարդու իրավունքների պաշտպանությունը ֆինանսական տեսանկյունից գնահատելն է: Այս դեպքում խոսքը մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին է, իրավական պետության կայացման, արդար դատարան ունենալու մասին: Այսինքն այստեղ գալով, ֆինանսական կողմից խնդրին նայելով նվաստացնում ենք իրականացվող գործընթացը: Թող մենք արդար դատարաններ ունենանք, մի անգամ էլ թող տեխնիկական կամ ինչ-որ սխալի պատճառով պետությունը մեծ գումար պարտվի: Երբ որ դատական համակարգը լավն է, ոչինչ, որ մի գործով էլ այդպես լինի: Եկեք արդար դատարան ունենալու ձգտումը գումարով չչափենք»:
Ինչ վերաբերում է նրան, որ «Մարտի 1»-ի գործերով տուժողներից շատերը հիասթափվել են իշխանություններից, ակնկալիքներ չունեն, թե դրանք կբացահայտվեն, արդյոք իշխանությունները որևէ կերպ մտադիր են փարատել նրանց հիասթափությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Իշխանությունների հանձնառությունը իրավական պետություն կառուցելն է, արդար դատարան ունենալն է, ոչ թե վենդետայի ցանկությունը սնուցելը, որ դա բավարարված լինի, բայց ի վերջո, չունենանք իրավական պետություն, արդար դատարան: Եթե նայեք վերջին տարիներին մեկը մյուսի հետևից իրականացվող բարեփոխումները, բոլորը դրան են միտված: Իրավական պետության կառուցումը երկար, քրտնաջան ու հետևողական աշխատանք է պահանջում: Այստեղ քաղաքացիների ցանկությունը՝ օր առաջ ունենալ արդար դատարան, շատ բնական է, ճիշտ է, բայց այդ ցանկությունը չպետք է բերի նրան, որ իշխանությունները սկսեն հապճեպ քայլեր անել ու օգուտ տալու փոխարեն սխալներ արվեն: Իշխանությունը խնդիրն է այդ հարցերը լուծել ֆունդամենտալ ու մեկընդմիշտ, որ այլևս վերադարձ հին մեթոդներին, հին համակարգին տեղի չունենա»:











































