Հուլիսի ութին սպանվել է ճապոնիայի նախկին, այդ երկրի պատմության մեջ ամենաերկարակյաց վարչապետ Սինձո Աբեն, որը վարչապետի պաշտոնը թողեց 2020 թվականին: Աբեն այդ պաշտոնում եղել է երկու ժամկետ՝ 2006-07 և 2012-20 թվականներին: Նա Լիբերալ դեմոկրատական իշխող կուսակցության նախագահ էր: Աբեից հետո կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնեց նրա կառավարության արտաքին գործերի նախարար, 2021 թվականից՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Աբեն գնդակահարվել է Տոկիոյում, փողոցում նախընտրական արշավի շրջանակում ելույթ ունենալիս: Նրան թիկունքից կրակել է Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին մի զինծառայող, 41 տարեկան, որը հայտարարել է, թե ցանկանում էր սպանել քաղաքական գործչին, որովհետև դժգոհ է եղել նրա քաղաքականությունից: Սպանողը չի էլ փորձել փախչել: Թեև Աբեն Ճապոնիայի կառավարության ղեկավարը չէր, այդուհանդերձ անկասկած է նախկին վարչապետի քաղաքական էական ազդեցությունը երկրի կյանքում, թերևս նաև Ճապոնիայի միջազգային հարաբերությունների համատեքստում:
Ի վերջո, ամենաերկարակյաց վարչապետի հանգամանքը խոսուն է, ըստ այդմ նվազագույնը առկա է հարց, թե արդյո՞ք սառնասիրտ նախկին ռազմածովայինի ձեռքով չի իրականացվել պարզապես քաղաքական առավել խորքային հաշվարկ և հեռանկար պարունակող սպանություն, որը կարող է իր հետքը թողնել թե Ճապոնիայի, թե հեռավորարևելյան ռեգիոնի անվտանգության ու ռազմա-քաղաքական միջավայրի վրա: Հատկանշական է այն, որ ռեգիոնի համար իրավիճակը որոշակիորեն շրջադարձային էր, հաշվի առնելով օրինակ այն, որ Ճապոնիան ու Հարավային Կորեան առաջին անգամ հրավիրվել էին ՆԱՏՕ Վեհաժողովին մասնակցելու, որը տեղի ունեցավ Մադրիդում հունիսի 29-ին: Դա թույլ էր տալիս դիտարկել հեռավորարևելյան ռեգիոնի համար հնարավոր շրջադարձային զարգացումներ, ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովում քննարկված և բարձրաձայնված հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարության համատեքստում: Եվ այդ իմաստով նաև առավել քան ուշագրավ է, որ Ճապոնիայի նախկին վարչապետի, հեղինակավոր գործիչ Աբեի չափազանց սառնասիրտ և ըստ էության նույնիսկ որոշակի ցուցադրականություն պարունակող սպանությունը տեղի է ունենում այդ էական հանգրվանից մի քանի օր անց: Միևնույն ժամանակ, այդ ամենն անշուշտ դիտարկում է, այլ ոչ պնդում կամ միարժեք եզրահանգում, որովհետև ողբերգական իրադրության, դրա մոտիվների և հնարավոր վարկածների մասին թերևս առավել շոշփելի գնահատականների հնարավորություն կլինի տեղի ունեցածի քննության, նաև դրան հաջորդող արձագանքների, հետագա զարգացումների հանրագումարում:







































