Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն Եվրոպայի սուպերգավաթի խաղում պարտության մատնեց Եվրոպայի գավաթի հաղթող «Պորտու»-ին և վերջին 4 տարիների ընթացքում նվաճեց 12-րդ մրցանակը՝ 15 հնարավորից:
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին պորտուգալացիները, որոնք առաջին 30 րոպեների ընթացքում ակնհայտ գերազանցում էին Գվարդիոլայի սաներին, սակայն «Պորտու»-ին չհաջողվեց գոլի վերածել խաղային առավելությունը:
39-րդ րոպեին կոպիտ սխալ գործեց «Պորտու»-ի պաշտպանը, ինչից անմիջապես օգտվեց Լիոնել Մեսսին: Ֆրեդի Գուարինի կատարած անհաշվենկատ հետփոխանցումից հետո գնդակը հայտնվեց Լեոյի մոտ, ով հեշտությամբ շրջանցեց Էլտոնին և գնդակն ուղարկեց դատարկ դարպաս:
Ընդմիջումից հետո պորտուգալացիները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն հանդիպման մրցավարը չնկատեց, որ Ադրիանոն սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Գուարինի նկատմամբ և չնշանակեց բացահայտ 11-մետրանոց հարվածը:
Խաղավարտից 5 րոպե առաջ Ռոլանդուն ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից: Կատալոնացիներից ընդամենը 2 րոպե պահանջվեց քանակական առավելությունն իրացնելու համար. Մեսսին հրաշալի փոխանցում կատարեց փոխարինման մտած Սեսկ Ֆաբրեգասին, վերջինս կրծքով կասեցրեց գնդակն ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը` 2:0:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն՝ Պեպ Գվարդիոլայի ղեկավարության վերջին 4 տարիների ընթացքում նվաճեց 12-րդ մրցանակը՝ 15 հնարավորից, ինչը բացարձակ ռեկորդ է կատալոնական ակումբի պատմության ընթացքում:
Նշենք նաև, որ Սեսկ Ֆաբրեգասը 1.5 շաբաթում 2-րդ մրցանակը նվաճեց «Բարսելոնա»-ի հետ, ինչը նրան 6 տարի չհաջողվեց անել «Արսենալ»-ի կազմում:










































