ԵՄ աջակցությամբ ավելի քան 40 հայ ու ադրբեջանցի փորձագետներ են հանդիպել կլոր սեղանի շուրջ Վրաստանի Կախեթի քաղաքում՝ հունիսի 29-30-ը։ Նրանք քննարկել են խաղաղ Հարավային Կովկասի ապագայի հնարավոր սցենարները։
Քննարկումները վերաբերել են տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման ոլորտներին և մշակութային քաղաքականությանը։ Կողմերը նաև գնահատել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին դերակատարների կողմից՝ հայերի և ադրբեջանցիների միջև երկարաժամկետ խաղաղության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հեռանկարների բարելավման համար:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի շարունակական հանձնառությունը «կայուն խաղաղությանը»: Նա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով և բուռն հույզերով։
Հատուկ ներկայացուցիչը ողջունել է երկխոսության հաստատմանը, վստահության ձևավորմանը և արմատացած նարատիվներին դիմակայելուն ուղղված ջանքերը շարունակելու կողմերի վճռականությունը, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագային:
Թե որքանով կարող է արդյունավետ լինել քաղաքացիական դիվանագիտությունը, «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
«Նախ, ես չէի ցանկանա, որպեսզի մենք այն գործընթացը, և այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում 44-օրա պատերազմից հետո, անվանեինք քաղաքացիական դիվանագիտություն: Որովհետև ես նույնիսկ կասեի, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղաքացիական դիվանագիտությունը, որպես այդպիսին, լուրջ ճգնաժամի մեջ է: Այս հանդիպումները, որոնք գնալով ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում, ավելի շատ փորձագիտական մակարդակով տարբեր սցենարների քննարկումներ են: Այն սցենարների, որոնց համապատասխան կարող են զարգանալ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Արցախի հարցի կարգավորումը: Արդյունավետության առումով կարող եմ ասել, որ ըստ իս հիմնական խոչընդոտն այստեղ այն է, որ այս գործընթացի ադրբեջանցի մասնակիցները շատ լավ են պատկերացնում, որն է պաշտոնական դիրքորոշումը թե մասնավոր հարցերում, թե ընդհանուր հարցում: Նրան, փաստորեն այդ պաշտոնական դիրքորոշման համապատասխան փորձում են նաև առաջարկել հնարավոր սցենարները: Հայ մասնակիցներն այդ առումով շատ ավելի բարդ իրավիճակում են, որովհետև մեր մոտեցումները շատ խնդիրների վերաբերյալ պաշտոնական մակարդակով այդքան էլ պարզ չեն: Հայ փորձագետները ելնում են իրենց անձնական պատկերացումներից, թե ինչպես կարող է մեծ հարցի այս կամ այն մասնավոր ուղղությունը լուծվել: Դա բնականաբար, դժվարացնում է ընդհանուր սցենարների մշակումը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-ընդգծեց Բորիս Նավասարդյանը:
Հաջորդ խոչընդոտը, ըստ նրա, կապված է հենց քաղաքացիական դիվանագիտություն հասկացության հետ, որովհետև մեր մասնակիցների մի մասը ներկայացնում են անկախ քաղաքացիական հասարակությունը կամ անկախ փորձագիտական հանրությունը, իսկ քաղաքացիական հասարակությունը, որպես այդպիսին, այդ երկրորդ մակարդակի բանակցություններում առաջին հերթին ելնում է մարդկանց շահերից, որ խնդրի կարգավորման ընթացքում մարդկանց կորուստները լինել առավել պակաս:
«Այն մարդկանց շահերից, որոնք տուժել, տառապել են պատերազմական իրավիճակներից, որ հնարավորինս փոխհատուցեն նրանց: Այն դեպքում, երբ մարդիկ, որոնք ներկայացնում են պետական մակարդակով որոշումները, նրանց համար առաջին հերթին հենց պետական, ազգային շահն է առանց խորանալու մարդկանց ճակատագրերի մեջ: Այստեղ կան բավականին տարբեր տրամադրվածություններ ադրբեջանական և հայկական կողմերի, նաև հայկական կողմերի միջև: Այսինքն կարելի է ասել, որ առայժմ տեղի է ունենում, այսպես ասած, դիրքորոշումների շոշափում, որպեսզի միգուցե այդ սցենարների մշակման ընթացքում, որոնց վերջնական տեսքը առայժմ չունենք, չենք էլ կարող ունենալ, որոշակի օգնություն լինի նաև պաշտոնական մակարդակով բանակցողների համար:
Պարզ է, որ այդքան մեծ խմբերով, այդքան մեծ ներկայացուցչությամբ, ինչպիսին կա այս երկրորդ մակարդակի բանակցություններում, նման հանդիպումներ պաշտոնական մակարդակում տեղի չեն ունենում»,-ընդգծեց նա:
Բորիս Նավասրդյանի խոսքով, այսօր լավագույն դեպքում մենք ունենք փորձագիտական խմբեր պաշտոնական մակարդակում, որոնք աշխատում են հաղորդակցությունների հարցում և նոր են մոտենում սահմանների հետ կապված հարցերին. «Այսինքն դա նույնիսկ չի էլ տեղի ունենում, այլ ընդամենը պլանավորվում է: Միգուցե այն սցենարների տարբերակները, որոնք քննարկվում և մշակվում են հիմա, օգտակար կլինեն նաև պաշտոնական մակարդակով բանակցությունների համար: Այնպես որ, եթե խոսում ենք քաղաքացիական դիվանագիտության մասին, ապա այդ առումով արդյունավետությունը բավականին ցածր է: Նաև համաձայնության գալու առումով ևս կարծում եմ՝ ժամանակ կպահանջվի, որպեսզի ինչ-որ արդյունքներ հնարավոր կլինի ակնկալել»:
Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն այդ հանդիպումներում ավելի կաշկանդված ու կաղապարված են, Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Ես դա չէի անվանի կաղապարվածություն, որովհետև չեմ կարծում, որ իրենք իրենց կամքին հակառակ ասում են այն, ինչ չէին ասի ազատությունների առկայության դեպքում: Մենք կարող ենք այսօր ասել, որ ադրբեջանական հասարակությունը, անկախ նրանից, թե ում մասին ենք խոսում՝ իշխանության, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների, թե նույնիսկ ընդդիմադիր գործիչների, նրանց դիրքորոշումները համարյա չեն տարբերվում: Դա արդյունք է այն էյֆորիայի, որ ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո: Դա կաշկանդվածություն չի, համոզվածություն է, որ իրենց դիրքորոշումները նույնն են, ինչը ներկայացվում են պաշտոնական մակարդակով: Սա այն է, ինչը մենք չունենք Հայաստանում, որովհետև որպեսզի դու համաձայնես, չհամաձայնես, դու պետք է ունենաս ինչ-որ բազային տարբերակ, որը մշակված է կամ որդեգրված է իշխանությունների կողմից: Եթե դու դա ունենաս, արդեն կկարողանաս կողմնորոշվել, թե որքանով ես դրա հետ համաձայն, որքանով կարող ես ներկայացնել այլ լուծումներ: Այսօր ես կարծում եմ՝ մեր գործընկերները որքան էլ մեծ գիտելիքներ ունեն, որքան էլ պատկերացումներ ունեն միջազգային ու տարածաշրջանային համատեքստից և կարող էին մեծ ներդրում ունենալ, սակայն չունենալով իմ ասած բազային տարբերակը, այստեղ որոշակի խոչընդոտներ կան:
Հուսով եմ, որ այդ աշխատանքը, որ զուգահեռաբար ընթանում է պաշտոնական և երկրորդ մակարդակի բանակցություններում, միգուցե իրար կսկսեն օգնել վաղ, թե ուշ, մանավանդ տեսնում ենք, որ բավականին ինտենսիվ են դարձել մեր իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումները փորձագիտական հանրության և քաղհասարակության հետ: Այսինքն կարծիքների փոխանակում տեղի է ունենում: Այսինքն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ձևաչափով է գործընթացն ընթանում, այլ նաև ներքին հայկական ձևաչափով և այդ երկու գործընթանցերը միգուցե իրար օգնեն և դա լրացուցիչ արդյունավետություն կհաղորդի մեր հանդիպումների փորձագիտական և քաղհասարակության մակարդակներում»,-հայտարարեց Բորիս Նավասարդյանը:











































