«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրերս որոշում է կայացրել, թե սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակներն ովքեր կգլխավորեն, ըստ այդմ՝ Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, Թալինում՝ Տավրոս Սափեյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը, Տաշիրում՝ Արման Վարդանյանը, Քաջարանում՝ Արմեն Առաքելյանը։ Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ փոխանակ ԿԸՀ-ի կողմից լիներ համապատասխան տեղեկատվության տրամադրում, թե որ համայնքներում են նախատեսվում ՏԻՄ ընտրություններ, իմանում ենք ՔՊ որոշումից։
Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ ՏԿԵ նախարարությունը պետք է հրապարակեր, թե որ համայնքում երբ է լրանում համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը. «Պետք է ավելի կանխատեսելի լիներ կուսակցությունների համար, թե երբ են նախատեսվում ընտրությունները: Նախատեսվում են տարբեր խոշորացումներ, որոնք հիմնականում կառավարության ծրագրերից ենք իմանում; Քանի դեռ դրանք օրենք չեն դարձել, առանձնապես չենք կարող հստակ ասել, թե որտեղ ինչը կմիավորվի: Ստացվում է, որ ՔՊ-ն-ում տեղյակ են, որ այդ համայնքներում ընտրություններ են լինելու, բայց պաշտոնապես մյուսներն այդ մասին տեղյակ չեն:
Այսինքն ՔՊ-ն մեկնարկային առավելություն ունի՝ իմանալով, թե ինչ են նախատեսում անել, արդյոք նախատեսում են խոշորացում, թե չեն նախատեսում: Փաստացի ստացվում է, որ մյուս կուսակցությունները չունեն այդ հնարավորությունը՝ իմանալու, թե երբ են լինելու ընտրությունները, որ պատրաստվեն դրանց»,-ասաց Վարդինե Գրիգորյանը:
Նա նկատեց, որ սա խտրական մոտեցում է, երբ մի կուսակցությունն առավելություն է ստանում մյուսների նկատմամբ. «Առանձին թեկնածուների վերաբերյալ կարծիք չունեմ, այսինքն մտահոգությունը ոչ թե այն է, թե ովքեր թեկնածու առաջադրվեցին և ինչպես որոշվեցին, դա կուսակցության ներքին գործն է, այլ այն, որ մյուս կուսակցությունները նույնպես պետք է իմանային, որ այդ համայնքներում ընտրություններ են նախատեսվում»:
Նա հիշեցրեց, որ ընտրությունների օրը վաղուց է հրապարակված՝ սեպտեմբերի 25-տ, բայց սեպտեմբերի 25-ին ընտրություններ պետք է նշանակեր մարզպետը, իսկ եթե քաղաքական համայնքով բնակավայրեր են, ապա՝ կառավարությունը. «Իհարկե, դեռ ժամանակ կա, բայց ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանուր բոլորի համար հայտարարվեր, որ այս համայնքներում են լինելու ընտրություններ և բոլոր կուսակցությունները նույնքան ժամանակ ունենային պատրաստվելու:
Փաստացի 3 ամիս կա ընտրություններին, ընտրությունների նշանակման մասով օրենսգիրքը սահմանում է 70 օր առաջ, այսինքն մնացած 20 օրվա ընթացքում տարբեր ընտրություններ կշանակվեն: Ստացվում է, որ պետք է հետևել մարզպետների, կառավարության որոշումներին, որ տեսնենք, թե սեպտեմբերի 25-ին որ համայնքներում է են ընտրություններ տեղի ունենալու: Այլ օր նախատեսված չէ, բայց օրենսգիրքը հնարավորություն է տալիս ևս մեկ օր ընտրելու: Ես կասկածում եմ, որ ուրիշ օր ընտրություններ կլինեն, հատկապես, որ ԿԸՀ-ի ժամկետն է լրանում»,-ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում իշխանությունների կողմից նախաձեռնված վերջին փոփոխություններին, նա ասաց. «Այժմ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են նախաձեռնել, բայց իմ կարծիքով շատ ավելի լավ կլինի, եթե այդ փոփոխությունները չընդունվեն այն մասով, որ մասով վերաբերում են ՏԻՄ ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կտեսնենք ոչ թե նորմալ քաղաքական գործընթացներ, այլ հնարավոր ճնշումներ, տարբեր ապօրինի գործողություններ: Նաև հետաքրքիր է, թե դրանք եթե ընդունվեն արդյոք կիրառելի կլինեն սեպտեմբերի 25-ի ընտրությունների ժամանակ»,-ասաց Վարդինե Գրիգորյանը:









































