Դեռ պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ընդհանրապես խաղաղության պայմանագիրն ինչ դրույթներ պետք է ներառի։ Այս մասին այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը։
«Եվ պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայամանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Պիտի ասեմ, որ այդ հայտարարություններից հետո Հայաստանի արատաքին գործերի նախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, որպեսզի նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ։ Հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրեր հետ շփման մեջ պետք է լինեն, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն։ Բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ դեպք ունենք, երբ ի հեճուկս պայմանավորվածությունների՝ բոյկոտել է, չի ներգրավվել աշխատանքին։ Եվ նախորդ օրվա ԱԳ նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»,- ասաց նա։