Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջելով Շոտլանդիային։ Ի տարբերություն մյուս պարտությունների, երեկ «Հանրապետականում» տեղի ունեցածը խաղային տապալում չէր։ Երեկ տեղի ունեցածը առեղծվածային՝ ֆուտբոլային անգրագիտություն էր, որի հեղինակն իսպանացի մարզիչն է։ Երկրպագուները պարտության հիմնական մեղավոր են համարում Արման Հովհաննիսյանին, որը հանդիպման 43-րդ րոպեին թույլ տալով ոչ մարզական պահվածք գլխով հարվածեց մրցակցին և կամիր քարտ ստանալով կոտրեց մեր ազգային թիմի ողնաշարը։ Այո Հովհաննիսյանը մեղավոր է, բայց․․․։ Կարող է զարմանալի թվալ այս դիտարկումը, բայց Արման Հովհաննիսյանը այս պահվածքը կանխատեսելի էր։ Կրկին նշենք սակայն, որ Հովհաննիսյանին քավության նոխազ դարձնել ուղղակի չի կարելի։ Փորձենք հասկանալ, թե իրականում ով և ինչպես է խաղում մեր պետության պատվի հետ։ Արման Հովհաննիսյանի ազգային թիմի մեկնարկային կազմում և ընդհանրապես ազգային թիմում հայտնվելը որևէ կերպ տրամաբանելը ուղղակի անհնար է։ Գլխավորելով ազգային թիմը՝ Կապառոսը 2020 թվականի սեպտեմբերին Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ հանդիպումներին հավաքական էր հրավիրել Արման Հովհաննիսյանին։ Վերջինս այդ ժամանակ ներկայացնում էր ղազախական «Տոբոլը»։
Էստոնիայի դեմ մցավեճում Հովհաննիսյանն արդեն մեկնարկային կազմում էր։ Կապառոսը այս ֆուտբոլիստին հավաքականի մեկնարկային կազմում էր վստահել նաև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Վրաստանի դեմ խաղում, իսկ Էստոնիայի դեմ արտագնա մրցավեճին Հովհաննիսյանը մասնակցել էր մեկ խաղակեսի։ Մինչդեռ 2020 թվականի հունվարին տեղափոխվելով «Տոբոլ» Հովհաննիսյանը որևէ պաշտոնական հանդիպում չէր անցկացրել այդ թիմի կազմում։ Այսինքն իսպանացի մասնագետը մեր երկրի թիվ մեկ թիմում վստահում էր մի ֆուտբոլիստի, որը չէր խաղում ղազախական միջին մակարդակի թիմում։ Այդ ժամանկահատվածում Հովհաննիսյանը տարեկան մի քանի հանդիպում էր անցկացնում Հայաստանի գլխավոր թիմի մեկնարկային կազմում։ Ի՞նչպես կարող է խաղային պրակտիկա չունեցող ֆուտբոլիստը խաղա ազգային թիմի մեկնարկային կազմում։ Փաստորեն Կապառոսը Հովհաննիսյանին հիմնական կազմում էր ընդգրկում՝ հիմք ընդունելով մարզումները։ Իսպանացի մասնագետի կողմից նման գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ֆուտբոլային անգրագիտություն։ Ամենևին զարմանալի չէր, որ Կապառոսը, Արման Հովհաննիսյանին հրավիրեց նաև 2022 թվականի մարտին տեղի ունեցած Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ ընկերական հանդիպումներին։ Այդ ժամանակ Հովհաննիսյանը ելույթ էր ունենում Երևանի «Փյունիկում»։ Եվ ինչ տեղ ունեցավ։ Նորվեգիայի դեմ մրցավեճի արդեն 17-րդ րոպեին Հովհաննիսյանը բաց ոտքերով տապալեց մրցակից հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկին՝ Հալանդին։ Ստանալով կարմիր քարտ՝ Հովհաննիսյանը կոտրեց թիմի ողնաշարը, ինչի արդյունքում կրեցինք պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը՝ 9։0 հաշվով։ Օսլոյում տեղի ունեցածը դաս չէ՞ր Կապառոսի համար։ Արդյո՞ք ճիշտ էր տեղի ունեցածից հետո Հովհաննիսյանին կրկին հավաքական հրավիրելը։ Պատասխանը պարզ է։
Հունիսի 8-ին Գլազգոյում տեղի ունեցած Շոտլանդիայի դեմ արտագնա խաղում Հովհաննիսյանի կոպիտ սխալի հետևանքով դաշտի տերերը անկյունայինից հետո խփեցին երկրորդ գնդակը։ Արդյո՞ք ֆուտբոլային անգրագիտություն չէր այսքանից հետո Շոտլանդիայի դեմ երեկ տեղի ունեցած անչափ կարևոր խաղում Հովհաննիսյանին մեկնարկային կազմում վստահելը։ Պատասխանը պարզ է։ Ի՞նչպես բացատրել Կապառոսի վստահությունն ու համակրանքը Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Տեղի ունեցածը բացատրություն չունի։ «Պետք է սառնասրտորեն վերլուծել այս ամենը, բայց նաև պետք չէ չափից մեծ ճնշում գործադրել Արման Հովհաննիսյանի վրա։ Պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- խաղից հետո ասել է Կապառոսը։ Այո, Հովհաննիսյանի վրա ճնշում գործադրելը ճիշտ չի լինի։
Վերլուծելով ամենը պարզ է դառնում, որ նրան հավաքական հրավիրելը առավել ևս մեկնարկային կազմում վստահելը, մեղմ ասած անտրամաբանական էր։ Սա թերևս այն բացառիկ դեպքերից է, երբ ՀՖՖ-ն պետք է բացառի ոչ կարգապահ ֆուտբոլիստի ներկայությունը ազգային թիմում։ Միևնույն ժամանակ պետք է ճնշում գործադրել թերևս Կապառոսի վրա, որը խաղում է մեր պետության պատվի և հեղինակության հետ։ Ոչ կարգապահ ֆուտբոլիստների ներկայությունը հավաքականում բացառելու համար պետք է պաշտոնանկ արվի։ Այո, Միստերը պետք է հեռանա, նրա հրաժարականն այլընտրանք չունի։










































