Ազգային անցումային խորհուրդը, որ ձևավորվել է Լիբիայում Մուամար Քադաֆիի դեմ սկսված ապստամբության առաջին շաբաթների ընթացքում, և համակարգում է ընդդիմության գործողությունները, հայտարարել է, որ աշխատանքը շարունակելու է մայրաքաղաք Տրիպոլիում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես հայտարարում եմ Տրիպոլիում գործադիր մարմնի աշխատանքների վերսկսման մասին»,- հայտարարել է այդ խորհրդում նավթարդյունաբերության և ֆինանսների նախարարի գործառույթներն իրականացնող Ալի Թարխունին: Նա դրական է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Ազգային անցումային կառավարությունը ստանձնում է Լիբիայի գործադիր մարմնի դերը:
Ըստ փորձագետների` սա շատ կարևոր քայլ է ընդդիմության համար, քանի որ մայրաքաղաքի գրավումից հետո անհրաժեշտ է ցույց տալ, թե ում ձեռքում է իրականում իշխանությունը, և որ մարմինն է իրականացնում կառավարության գործառույթները:








































