«Մինչև սեպտեմբերի 9-ը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման շուրջ հարցադրումներ չկան»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար,պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ավելին՝ նա կարծում է, որ նման հանդիպման նախադրյալներ, պայմաններ էլ չկան:
Մեր այն դիտարկմանը, թե տեսակետ կա, որ կայացած երկխոսությունը մինչ օրս շոշափելի արդյունքներ չի տալիս, հետևաբար ճիշտ չի՞ լինի, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեն ու պայմանավորվեն՝ առանց մի քանի հարյուր էջ փաստարկների ու ապացույցների, Սահակյանն ավելացրեց. «Տարբեր կարծիքներ կլինեն, տարբեր գնահատականներ կլինեն: Ձևի առումով դա նոր մոդել է: Երբեմն-երբեմն սնապարծություն է նկատվում, երբեմն՝ գլուխգովանություն:
Նախընտրական ինչ-որ ժամանակաշրջան է, և յուրաքանչյուրը փորձում է ինչ- որ չափով դիվիդենտներ շահել: Այսինքն մեղադրե՞լ այդ մարդկանց, որ դիվիդենտներ են շահում: Երկխոսությունն ընթանում է, կարծում եմ՝ շատ հանգիստ, կարծում եմ՝ որևէ բարդություններ չկան, ոչ էլ քողարկված, կասկածելի բաներ կան, որ հանդիպման անհրաժեշտություն պահանջվի»:









































