Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում մի շարք երկրների մշտական ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ Մամեդյարովը նրանց իրազեկել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի, էներգետիկ քաղաքականության և իր երկրի մասնակցությամբ տարածաշրջանային ու միջազգային նախագծերի մասին։ Մամեդյարովն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ անընդունելի է միջազգային հանրության կողմից ստատուս քվոյի պահպանումը։
Ըստ Մամեդյարովի՝ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանի արտգործնախարարն իր հյուրերին խնդրել է աջակցել իր երկրի թեկնածությունը՝ 2012-2013 թվականներին ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամների ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամների ընտրությունը կայանալու է այս տարվա հոկտեմբերին՝ Նյու Յորքում։ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու իր թեկնածությունը ներկայացրել էր նաև 1990-ական թվականների կեսերին, սակայն ձախողվել էր։









































