«Քաղաքապետի մոտեցումը արդարացված է, որովհետև մեր մայրաքաղաքի գեղեցկագույն փողոցները բազմատեսակ ճաշակով ու անճաշակ կրպակներով էին շարված և քաղաքի ու մայթերի տեսքը փչացնում էին: Քաղաքապետի որոշումը պետք է ընդամենը ողջունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ,անդրադառնալովկրպակների ապամոնտաժման մասին Երևանի քաղաքապետի որոշմանը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ կրպակատերերը կարող են առևտրի այլ վայրերում շարունակել իրենց աշխատանքը և, ըստ նրա, այս քայլը սոցիալական խնդիրներին առանձնապես մեծ հարված չի հասցնի:
Նրա ընդդիմախոս, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ արձագանքեց, որ չի պատկերացնում Երևանն առանց ժամագործների և կոշկակարների կրպակների:Նա նշեց, որ բնական է քաղաքապետի ցանկությունը՝քաղաքն ավելի բարեկարգված տեսնելու, սակայն քաղաքում կան նաև այլ կարևոր խնդիրներ: Ի թիվս այդ խնդիրների՝ Մելիքյանը նշեց քաղաքի կենտրոնում քանդված շենքերի հողատարածքները, մասնավորապես, Սևան հյուրանոցի, արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքները, որոնք մնում են անբարեկարգ, այն դեպքում, որ դրանք սեփականատեր ունեն:
«Այս կարգի որոշումները պետք է համարժեք լինեն և ինչքան կարող է վնասակար լինել կրպակատերերին, նույնչափ այն պետք է վերաբերի նաև խոշոր սեփականատերերին, որոնք քաղաքի հանդեպ իրենց պարտավորությունները տարիներ շարունակ չեն կատարել և չեն կատարում»,- մանրամասնեց Մելիքյանը:











































