«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չեխովը մի ստեղծագործություն ունի, որտեղ կնոջը դավաճանության վրա բռնացրած ամուսնուն կինն ապացուցում է, որ իրենց երկուսից բացի սենյակում ոչ ոք չկա, և սիրեկանն ամուսնու աչքին է երևում. հալյուցինացիա է։ Եվ վերջում, կարծեմ, ամուսնուն տանում են գժանոց։
Հիմա խորհրդարանական ընդդիմության ցույցերը նույն տրամաբանությունն ունեն. փոքր խմբով երթ են անում, ասում են քաղաքը պարալիզացված է, իսկ ով դա չի տեսնում, իշխանական քարոզչության տակ է, ամբողջ օրը Հանրային հեռուստատեսության էկրանից չեն իջնում, համացանցը ողողված է իրենց մասին տեսանյութերով, երեք֊չորս սեփական հեռուստաալիք ունեն, ասում են` Հանրային հեռուստատեսության քարոզչությունը նման է Հիտլերյան Գերմանիայի ժամանակվա քարոզչությանը, խոսքի ազատություն չկա, ամբողջ օրը երթ, ցույց, ակցիաներ են անում, ասում են Հայաստանը բռնապետություն է, պապիկ են ծեծում ասում են պապիկ չէր, ձեռնափայտն էլ սառը զենք էր։
Քաղաքական գործունեությունը որոշ շրջանակների ձեռամբ աստիճանաբար դառնում է հոգեվերլուծության թեմա։









































