Պատկերացրեք՝ դուք ֆուտբոլային խաղի եք… Հազարավոր երկրպագուներ հավաքված են սահմանափակ տարածքում, և նյարդերը կարող են տեղի տալ։ Որպեսզի քաոս սկսվի, շատ բան հարկավոր չէ։ Ֆուտբոլային հանդիպումները մեծ հաճույք են պատճառում, բայց, ցավոք, երբեմն տեղի են ունենում կռիվներ և բռնության դեպքեր։
Սակայն դրանք միակ խնդիրները չեն։ Համաշխարհային մրցաշարերի ժամանակ մարդկանց հսկայական բազմությունը անվտանգության լուրջ մարտահրավեր է ստեղծում։ Այդ պատճառով իշխանությունները դիմում են նոր տեխնոլոգիական միջոցների՝ դեմքի ճանաչման համակարգերի, դրոնների և նույնիսկ ռոբոտ-շների։
Կարո՞ղ է տեխնոլոգիան օգնել իրավիճակը վերահսկողության տակ պահելու։
Այսօր, երբ գնում եք ֆուտբոլային մարզադաշտ, մեծ է հավանականությունը, որ ձեզ հետևում են, քանի որ տեսախցիկները մշտապես վերահսկում են հանդիսատեսին։ Բայց ո՞րն է դրա նպատակը։
Օգնել հնարավորինս վաղ հայտնաբերելու հանցագործությունները, օրինակ՝ վանդալիզմը կամ զանգվածային անկարգությունները։
Բայց երբ իսկապես ինչ-որ բան տեղի է ունենում, առաջանում է հարցը՝ ո՞վ է արել դա։
Գերմանիայում քաղաքական գործիչները կոչ էին անում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ կիրառել արհեստական բանականությամբ աշխատող դեմքի ճանաչման ծրագրեր կամ օգտագործել կենսաչափական սկաներներ։ Սակայն գաղտնիության հետ կապված լուրջ մտահոգությունների և զանգվածային քննադատության պատճառով այդ գաղափարը, ի վերջո, մերժվեց։ Բայց մի շարք երկրներում արդեն տարիներ շարունակկիրառվում են նման համակարգեր։
Տոմս այլևս պետք չէ. Սան Պաուլոյի մարզադաշտում երկրպագուի դեմքն է նրա տոմսը։ Բրազիլիայում ավելի քան 20,000 տեղ ունեցող մարզադաշտերում դեմքի նույնականացումը պարտադիր է։ Շատ երկրպագուներ դրական են ընդունել այս փոփոխությունը։









































