Ուկրաինան ու Շվեդիան համաձայնագիր են կնքել 16 միավոր «Gripen E» կործանիչների գնման վերաբերյալ, հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը կնքվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնի հետ հանդիպմանը։
«Gripen E ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2029 թվականի սկզբին։ Գնումը կֆինանսավորվի Եվրամիության վարկի հաշվին և Միացյալ Թագավորության աջակցությամբ։ Համաձայնագրի համաձայն՝ Ուկրաինան կստանա նաև ինքնաթիռների համար նախատեսված սարքավորումներ, տեխնիկական օգնություն և աջակցություն լոգիստիկայի հարցերում։ Շվեդիայում արդեն ընթանում է ուկրաինացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 2027 թվականի սկզբին Ուկրաինան՝ որպես ռազմական օգնություն, Շվեդիայից կստանա առաջին 16 միավոր «Gripen C/D» կործանիչները։
«Մեր հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեցի Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնին այս աջակցության և համագործակցության համար։ Մենք մանրամասն քննարկեցինք այս քայլերի իրականացումը, ինչպես նաև ավելի լայն երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ Drone Deal-ի (ԱԹՍ-ների վերաբերյալ գործարքի) նախապատրաստումը և հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները»,- սոցիալական ցանցերում գրել է Վլադիմիր Զելենսկին։







































