Ինչպես հաղորդում է BBC-ի լրագրողը Տրիպոլիի կենտրոնից, օտարերկրյա մոտ 35 քաղաքացի արգելափակված են Rixos հյուրանոցում: Նրանց թվում են արտասահմանցի լրագրողներ, որոնք այս օրերին լուսաբանում են Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցող զարգացումները: Նշվում է, որ հյուրանոցի մոտ տեղի են ունենում կատաղի մարտեր:
«Ուղղակի սարսափելի է այդ 35 արտասահմանցիների վիճակը, որոնց թվում են բրիտանացիներ, ամերիկացիներ… Այստեղ են նաև ամերիկացի կոնգրեսական և Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր: Իրավիճակը շատ արագ է փոխվեց, երբ հայտնի դարձավ, որ մենք չենք կարող լքել հյուրանոցը մեր ցանկությամբ»-, ասել է բրիտանացի լրագրող Մեթյու Փրայսը և ավելացրել. «Զինված մարդիկ քայլում են միջանցքներով, նրանցից ոմանք, հավանաբար, Քադաֆիի լավ մարզված զինվորներն են: Տանիքում դիպուկահարներ կան: Շատ լարված է»:
Բրիտանացի մեկ այլ լրագրող ասել է, որ երբ ինքը փորձել է լքել է հյուրանոցի տարածքը, զինված մի մարդ իրեն հետ է հրել: «Ջուրն ու սնունդը սպառվում են, հյուրանոցի մի մասում դեռ էլեկտրականություն կա: Մենք հույս ունենք, որ ամեն ինչ կհանգուցալուծվի մինչև այն պահը, երբ այստեղ այլևս անհնարին կլինի մնալ»,- ասել է Փրայսը:
SkyNews-ը Քադաֆիի կողմնակիցների նման պահվածքը բացատրում են նրանով, որ հանարվոր է Լիբիայի առաջնորդը գտնվում է Rixos հյուրանոցի տակ գտնվող բունկերում, ինչի մասին հավանաբար իմացել են ապստամբները, և հիմա մարտերը տեղի են ունենում հյուրանոցի շրջակայքում:












































