
Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց ժառանգներին, այդ թվում՝ կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ուժեղ, բազմազան երկիր կառուցելու հարցում, որը մենք այսօր վայելում ենք: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ:
«1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները, և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 2015 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը, ամսաթիվ, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն:
Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է հայտարարությունում: