Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, խաղաղ բանակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ինչպես նաև խաղաղ բանակցություններին Ալիևի հանձնառությունը: Այդ մասին թվիթերյան գրառում է արել Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի բյուրոն, հայտնելով, որ Էնդրյու Շոֆերին գործուղում են ռեգիոն քննարկելու, թե ԱՄՆ ինչպես կկարողանա լավագույնս աջակցել գործընթացին: Ընդ որում, ուշադրության է արժանի գրառման մեջ ձևակերպումը, որ վերաբերում է Շեֆերի կարգավիճակին: ԱՄՆ պետքարտուղարությունը Շոֆերին հիշատակում է ոչ իբրև Մինսկի խմբի համանախագահ, այլ իբրև «Կովկասի բանակցությունների ավագ խորհրդական»: Այդ հանգամանքը հաստատում է երկու հանգամանք:
Նախ այն, որ Վաշինգտոնը Շոֆերի այցը չի դիտարկում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ծիրում, որքան էլ այդ այցի ընթացքում խոսվում է ձևաչափի մասին, այն էլ առավելապես հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում: Մյուսն այն է, որ ԱՄՆ գործնականում «ազդարարում» է «Կովկասի բանակցությունների» մասին: Նկատենք, ոչ թե արցախյան հարցի կամ հայ-ադրբեջանական խնդրի, այլ «Կովկասի բանակցությունների ավագ խորհրդատու»: Վաշինգտոնն այդպիսով դե ֆակտո ազդարարում է ներկայումս խնդրի համատեքստն ու մասշտաբը, ինչի մասին վերջին շաբաթներին առիթ եմ ունեցել արտահայտվել մի քանի անգամ՝ ուկրաինական պատերազմի և ռազմա-քաղաքական զարգացումների համատեքստում աշխուժացել են քննարկումները Կովկասի շուրջ և «հերթը» մոտեցել է կովկասյան հարթակին: Դրանով է պայմանավորված վերջին շաբաթների այն աշխուժությունը, որ նկատվում է կովկասյան դիվանագիտական հարթությունում: Այս հանգամանքն է նաև Մինսկի խմբի համանախագահության դե ֆակտո սառեցման խորքային պատճառը, որովհետև համանախագահությունը գործնականում ոչ թե աննհամաձայնությունները հանգուցալուծելու, այլ քաղաքական մեծ համաձայնության արտահայտում էր, որի նպատակը Կովկասի կառավարման մեխանիզմի ձևավորումն էր, նաև դրանից բխող հարակից այլ հարցեր քննարկելու հնարավորությամբ:
Աշխարհաքաղաքական իրավիճակի վերափոխումով ըստ էության սկսեց արդիականությունն ու նպատակահարմարությունը կորցնել Մինսկի խմբի համանախագահությունը, քանի որ համանախագահ երկրների փոխհարաբերությունը, հատկապես ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում, թևակոխեց արդեն նոր աշխարհակարգի համար ռազմավարական պայքարի, մրցակցության, դիմակայության փուլ: 44-օրյա պատերազմով ամենևին չավարտվեց այդ ամենի ազդեցությունը Կովկասի և մասնավորապես արցախյան հարցի վրա: Եվ այդ իմաստով ներկայումս խնդիրը բոլորովին այն չէ, որ ազդեցության շարունակության հարցում կամ ազդեցության նոր դրսևորման պարագայում այն դարձյալ կարող է լինել պատերազմի տեսքով: Խնդիրը լոկ այդ դաշտում չէ, այլ Կովկասի հարցի քննարկման համատեքստում շահերի ու հետաքրքրությունների «դասավորման» կամ այսպես ասած «քվոտավորման»: Կովկասում բաշխվում են անվտանգության ռազմա-քաղաքական նոր «քվոտաներ», որից հետո միայն կարող է խոսք գնալ այդ ամենը կառավարելու մեխանիզմի ձևավորման մասին: Այդ մեխանիզմը կամ կլինի նոր համաձայնությունների հիմքով վերակենդանացող Մինսկի խմբի համանախագահությունը, թե Մինսկի խմբի շրջանակում այլ ձևաչափ, թե ընդհանրապես բոլորովին նոր մեխանիզմ, սա հարցի մի կողմն է, սակայն հայկական կողմի համար այսօր գերխնդիրը առավելագույն «քվոտա» ապահովելն է:








































