Եվրախորհրդարանը ցանկանում է 617 հազար եվրո բռնագանձել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենից և նրա կողմնակիցներից, որոնք մեղադրվում են պետական միջոցների յուրացման մեջ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով Եվրախորհրդարանի իր աղբյուրին։
Ըստ AFP-ի՝ Փարիզի դատախազությունը մարտի 11-ին հաղորդում է ստացել, ըստ որի՝ Լը Պենը և նրա կողմնակիցները անձնական նպատակներով են օգտագործել Եվրախորհրդարանում քաղաքական խմբերին իրենց մանդատի համատեքստում տրամադրված գումարները։ Համապատասխան հետաքննությունն իրականացրել է ֆրանսիական Mediapart հարթակը։
Բացի այդ՝ ըստ զեկույցի, Ֆրանսիայի նախագահի թեկնածուն 2004-2017 թվականներին Եվրախորհրդարանի գանձարանից մոտ 137 հազար եվրո է յուրացրել։ Ներկայում քաղաքական գործիչը մեղադրվում է պետական միջոցների յուրացման և այդ հանցագործությանը մեղսակցության մեջ։
Ֆրանսիայում ապրիլի 10-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրարշավին մասնակցել է 12 թեկնածու։ Երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է 27,84%, Լը Պենը՝ 23,15%-ը։ Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։









































