ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն սկսել է հանրակրթության դպրոցի տնօրենների վերապատրաստման, հավաստագրման գործընթաց, որը ենթադրում է նոր բաղադրիչ: Այս տարի հավաստագրման գործընթացի նոր բաղադրիչը նոր հարցաշարերն են:
«Արմենպրես»–ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ վերջին շրջանում, բարեփոխումներով պայմանավորված, բազմաթիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, հետևաբար հարցաշարը փոփոխելու անհրաժեշտություն կար:
«Հարցաշարը բաղկացած է 616 հարցից: Հարցաշարի հիման վրա արդեն վերապատրաստող կազմակերպությունները կներկայացնեն իրենց ծրագրերը, կդիմեն նախարարությանը երաշխավորում ստանալու համար: Այնուհետև, ըստ ժամանակացույցի, կիրականացվի տնօրենների հավակնորդների վերապատրաստման գործընթացը: Դրանից հետո նոր կսկսվի բուն հավաստագրման գործընթացը: Այս տարի այն լինելու է և՛ թեստավորման, և՛ հարցազրույցի միջոցով: Հաջորդ տարվանից լինելու է միայն թեստավորումը: Հարցազրույցի բաղադրիչը դուրս է գալիս: Այս դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից»,-ասաց Արսեն Բաղդասարյանը:
Այս պահին դժվար է ասել, թե քանի անձ կվերապատրաստվի հավաստագրում ստանալու համար: Դա պարզ կլինի նախնական հայտերն ունենալուց հետո: Նախորդ տարվա տվյալների համաձայն, վերապատրաստում իրականացրել է 20 կազմակերպություն, վերապատրաստվել է 460 անձ, հավաստագրման գործընթացին մասնակցել է 545-ը: Թվային տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերապատրաստման վկայականը մեկ տարի ուժի մեջ է: Հետևաբար, վերապատրաստված անձն այդ մեկ տարվա ընթացքում կարող է հերթական հավաստագրման գործընթացին մասնակցել: Հավաստագրում ստացել էր մասնակցածների 70 տոկոսը:
Գործող կարգավորմամբ, այն անձինք, որոնք ուզում են տնօրեն դառնալ կամ վերընտրվել պետք է նորից դիմեն, հավաստագիր ստանան, որ կարողանան մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Նոր կարգավորումների համաձայն, գործող տնօրեններն այլևս հավաստագրման գործընթաց չեն անցնելու: Հավաստագրում միայն անցնելու են առաջին անգամ տնօրեն դառնալ ցանկացողները: Փոխարենն, այն տնօրենները, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է, իրենք պետք է ատեստավորման գործընթաց անցնեն, որի հիմքում դրված է լինելու իրենց կողմից ներկայացված զարգացման ծրագրի կատարողականը:
«Ներկայացված զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա էլ ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում նոր լիազոր մարմինը կընտրի տնօրեն: Այսինքն, եթե երեք հոգի իր ծրագրով դրական եզրակացություն է ստացել, ուրեմն լիազոր մարմինն այդ երեքից պետք է որոշի, թե ում ընտրի»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Լիազոր մարմինը կարող է լինել նախարարը, քաղաքապետը, մարզպետը: Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ տնօրենը, որը հիմնական պատասխանատուն է կրթական որակի, կրթական գործընթացների համար, զբաղվի միայն դրանով: Վերապատրաստվի, ատեստավորվի միայն կրթության հետ կապված հարցերով և չզբաղվի վարչատնտեսական գործառույթներով: Մնացած գործառույթներն իրականացնելու է վարչատնտեսական հարցերը համակարգողը:
Ի՞նչ մասնագիտական հանձնաժողովի մասին է խոսքը, երբվանի՞ց է այն գործելու: Արսեն Բաղդասարյանը նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից դպրոցի խորհուրդը չի իրականացնելու մրցույթ և չի ընտրելու տնօրեն: Ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը լսելու համար: Այդ հանձնաժողովը լիազոր մարմնին տալու է եզրակացություն և դրա հիման վրա էլ լիազոր մարմինը տվյալ ուսումնական հաստատությունում նշանակելու է տնօրեն: Մասնագիտական հանձնաժողովը ձևավորվելու է ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշմամբ:
Որքանո՞վ այս բարեփոխումները կնպաստեն խուսափել տնօրենի ընտրության հետ կապված վիճահարույց իրավիճակից: Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ բարեփոխումներն իրենց ազդեցությունը կթողնեն նման իրավիճակի կարգավորման գործում:
«Պետք է բոլորս գիտակցենք, որ տնօրենի փոփոխությունը չպետք է անդրադառնա կրթության որակի վրա: Իհարկե, կրթության որակի հարցով պատասխանատուն տնօրենն է, սակայն հիմնական գործն անում է ուսուցիչը: Ցավով պետք է ասեմ, որ վերջին շրջանում աշակերտներին ներքաշելով, փորձում են տնօրենի ընտրության հարցը բողոքարկել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը:









































