Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացել է շատ կարևոր խոսակցություն, որը մեզ տանում է առերեսման. «Փաշինյանն ասել է, որ մենք սովոր ենք առաջնորդվել հայի հետին խելքով: Գուցե կանգնած ենք այն ռիսկի առաջ, որ երգենք Ստեփանակերտ-Ստեփանակերտ, որից հետո նաև Երևան-Երևան: Կանգնած ենք կարևոր որոշում կայացնելու փաստի առաջ, որից կախված է ՀՀ-ի և Արցախի ապագան»:
Պատգամավորի խոսքով` Փաշինյանի ելույթը մեսիջ էր միջազգային հանրությանը` պատրաստ ենք սկսել բանակցությունները այս կետից. «Եթե շարունակելու ենք հավերժական պատերազմի մեջ լինել, դառնալու ենք մատաղացու գառ: Մենք այնքան հզոր երկիր չենք, որ առանց որևէ մեկի աջակցության լուծենք մեր կոնֆլիկտը»:
Ջուլհակյանը հիշեցրեց նաև, որ մեր ռազմավարական դաշնակիցը նաև մեր թշնամու ռազմավարական դաշնակիցն է. բարդ դիլեմայի առաջ ենք: