3 տարվա ժամկետ և 492 հազար ԱՄՆ դոլարի բյուջե ունեցող Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության «Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման» ծրագիրը Հայաստանում գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:
Նպատակը պարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է, վերջինիս վերաբերող ամբողջական և հավաստի տվյալներ հավաքելու, ամփոփելու և տարածելու հնարավորությունների ընդլայնումը: Չնայած ծրագրի հիմնական շահառուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է, սակայն այն համագործակցում է նաև Հայպետհիդրոմետի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ:
Ագրոօդերևութաբանական, մասնավորապես, բերքի կանխատեսման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար վերջերս Հայպետհիդրոմետին է տրամադրվել ագրոօդերևութաբանական` հողի խոնավության չափման սարքեր (3 ավտոմատ կայան), որոնց շահագործումը հնարավորություն կտա հնարավորինս ճշգրիտ և հավաստի ագրոօդերևութաբանական կանխատեսումներ անել:
Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է բերքի կանխատեսման նոր մոդելի ներդրման վրա, որը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ: Մոդելի համար նախատեսվող սարքավորումները կնպաստեն դիտարկված տվյալների որակի բարձրացմանը: Դրանք խիստ անհրաժեշտ են Հայպետհիդրոմետի դիտարկման ցանցում հողի խոնավության ճշգրիտ աստիճանը գնահատելու համար:
Նոր մոդելի համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը 70 հազար ԱՄՆ դոլար է:





































