Հայաստանում երեխաների սոցիալական պաշտպանությունը թերի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` ներկայացնելով ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործառույթների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների հիման վրա իր արած վերլուծությունը: Ըստ Ա. Բախշյանի` հաշվետվություններում ոչ մի խոսք չկա իրականացված ծրագրերի մասին:
«Հիմնվելով պաշտոնական և պետական պաշտոնյաների տրամադրած տվյալների վրա` 2010 թվականի տարեվերջին 6-7 տարեկանների թիվը ՀՀ-ում տարբեր նախարարություններ տարբեր տվյալներ են ներկայացնում: Օրինակ` մարզպետների և քաղաքապետի տրամադրած տվյալների համաձայն՝ պետական հանրակրթական և մասնագիտացված դպրոցներում սովորողների թիվը 381.699 է, որը 11247-ով տարբերվում է ՀՀ ԿԳՆ-ի տեղեկագրի համանման տվյալից»,- նշեց Ա. Բախշյանը:
Ասուլիսին ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը հերքեց բերված բոլոր վերլուծությունների տվյալները` ընդգծելով, որ բոլոր փաստերը շեղված են Բախշյանի կողմից:
ԱԺ պատգամավորը նաև հավելեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության որևէ մարզի բաժին իր կանոնադրական գործառույթներին համապատասխան հաշվետվություն չի ներկայացրել:












































