Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Երեկ էլ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր իրավիճակը ներկայացրել Սերգեյ Շոյգուին։ Ռուսաստանցի նախարարը հավաստիացրել էր, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Ուշագրավ է որ միջազգային մամուլը շուրջ տասը օր փնտրում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին, որը մարտի 11-ից մինչ օրս մեդիաակտիվություն չէր ցուցաբերում։










































