Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Շոլցի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-գերմանական երկկողմ, այդպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարները, նաև միջազգային անվտանգության հարցերին առնչվող թեմաներ: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող թեժ զարգացումների ֆոնին Հայաստանի ԱԽ քարտուղարի Գերմանիա այցը բավականին հատկանշական է:
Միևնույն ժամանակ, այցը ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին: Մասնավորապես, մարտի 21-ին Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները համաձայնեցրել են ԵՄ պաշտպանական ռազմավարությունը, որը նախատեսում է դաշինքի անվտանգության ուժերի ձևավորում: Առայժմ խոսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում արագ արձագանքման մոտ 5000-անոց ստորաբաժանման ձևավորման մասին, որի առանցքային ուժերը տրամադրելու պատրաստակամություն հայտնել է Գերմանիան՝ ի դեմս այդ երկրի պաշտպանության նախարարի: Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Գերմանիան հայտարարեց պաշտպանական համակարգի արդիականացման և ուժեղացման համար ավելի քան 100 միլիարդ եվրոյի հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մտադրության մասին: ԵՄ առաջատարներ թե Գերմանիան, թե Ֆրանսիան կանգնել են լրջագույն մարտահրավերի առաջ և դրա մասին ակնառու խոսում է նրանց վարքը թե ուկրաինական պատերազմին նախորդող դիվանագիտական շրջափուլում, թե նաև պատերազմի ընթացքում: Որքան էլ Փարիզն ու Բեռլինը տեղավորվում են «հավաքական Արևմևտքի» վարքագծում, ակնառու է, որ նրանք ձգտում են աշխատել Ռուսաստանի հետ և իրավիճակը այդ կերպ դարձնել կառավարելի: Ֆրանսիայի նախագահը մոտ երկու շաբաթ առաջ եվրոպական սուվերենության» խնդրի թեմայով քննարկման էր հրավիրել Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն Դեր Լյաենին՝ որը ի դեպ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարարն է, և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Եվրամիության առաջատարները ակնհայտորեն չեն ուզում «համակերպվել ռուս-ամերիկյան դիմակայության «միջև» մնալու ըստ էության «ստատիկ» դերին, երբ մնում են ՆԱՏՕ «ասել է թե ԱՄՆ խնամակալության ներքո: Սակայն դրանից դուրս գալը իհարկե ենթադրում է չափազանց բարդ գործընթաց:
Չի բացառվում, որ հեռանկարում պարզապես ձևավորվի ոչ թե Եվրամիության պաշտպանական բլոկ, այլ առավել լոկալ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և գուցե մեկ-երկու այլ երկրների, որոնք այդպիսով կփորձեն առավել ճկուն դառնալ եվրոպական մայրցամաքում իրենց քաղաքական ռազմավարությունն առաջ տանելու հարցում: Բոլոր դեպքերում, ձգտումներն ու փորձերը ակներև են և այդ ֆոնին իհարկե ուշագրավ է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Գերմանիա: Հայաստանի համար նախընտրելի է «եվրոպական սուվերենությունը», քանի որ դա իր հերթին կարող է դրական ներգործություն ունենալ նաև Կովկասի անվտանգության համակարգի շուրջ շահերի բազմազանեցման հարցում, մասնավորապես Եվրոպա-Ռուսաստան երկխոսության համատեքստում: Երևանի համար հույժ կարևոր է այդօրինակ ռեժիմների առկայությունը, և միևնույն ժամանակ Հայաստանն իր հերթին կարող է իր համեստ լուման առաջարկել դրանց ձևավորման գործում:











































