Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաղորդավար Նվեր Մնացականյանը բնապահպանական ահազանգ հնչեցրեց: «Մեծ Պարնիի չռիկի» (ինչպես ասում են մեծպառնեցիները) շուրջ կատարվում է շինարարություն, որն անմիջականորեն կվտանգի ջրվեժի էկոհամակարգը:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ նախօրեին մի քանի ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Երևանից գնացել են վերջինիս ծննդավայր՝ Մեծ Պարնի՝ տեսնելու տեղի հայտնի ջրվեժը:
«Սարերի հետևում բարձրլեռնային ջրերը գալիս հավաքվում ու հրաշալի մի ջրվեժ են առաջացնում, որը հազարամյակների պատմություն ունի: Գնացինք ու հանկարծ տեսանք ջրվեժի կողքին շինարարություն է գնում ջրվեժի հունը փոխելու նպատակով»,- զայրացած ասաց Ն. Մնացականյանը՝ հիշեցնելով, որ այդպիսի մի բան ուզում էին անել Եղեգնաձորում, սակայն բարձրացված աղմուկի պատճառով այն հաջողվեց կանխել:
«Այն ժամանակ նպատակը հիդրոկայանի կառուցումն էր: Հիմա նույնն ուզում են անել այս ջրվեժի հետ: Ջրվեժը մի հրաշք է, Շաքիից մեծ և գեղեցիկ: Հունը փոխում են, որ ջուրը խողովակներով իջեցնեն ձորը՝ հիդրոկայան կառուցելու նպատակով»,- հայտնեց Ն. Մնացականյանը՝ ընդգծելով, որ հիդրոէլեկտրակայան հնարավոր է կառուցել առանց ջրվեժը քանդելու:
«Ջուրը կարելի է ջրվեժից ներքև վերցնել ու կառուցել: Կորուստն այդքան մեծ չի լինի, և որ կարևոր է՝ ջրվեժը չի վերանա»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ հունը փոխելու պարագայում ջրվեժը կդադարի գոյություն ունենալուց, կփոխվի ամբողջ էկոհամակարգը: Նա նաև նշեց, որ իրենց չի հաջողվել անուններ պարզել, միայն գյուղապետի հետ զրույցում վերջինս ասել է, թե իրենք իրենց ուժերով չեն կարողացել դրա «դեմն առնել»:
«Լկտիություն է բառի բուն իմաստով»,- ասաց հաղորդավարը՝ ընդգծելով, որ դրանով անդառնալիորեն կկորցնենք ջրվեժի ամբողջ էկոհամակարգը:
Շինարարության արդյունքում ջրվեժը՝ որպես այդպիսին, կվերանա:









































