Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական պատվիրակությունը, որին ուղարկել Է նախագահ Ջո Բայդենը, մարտի 1-ին ժամանել Է Տայվան անվտանգության հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Պատվիրակությունը գլխավորել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մայքլ Մալենը: Նրան ուղեկցում են երեք այլ նախկին պաշտոնյաներ, որոնք նախկինում համակարգել են պաշտպանության եւ անվտանգության հարցերը: Երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, կառավարության նախագահ Սու Չժենչանի, պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ:
Կարծարածվեն տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, երկկողմ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Դիտորդների կարծիքով՝ ներկայիս այցը կոչված Է ցուցադրելու Վաշինգտոնի աջակցությունը Տայբեյին Ուկրաինայի իրադրության ֆոնին, որը հարուցում Է Տայվանի լուրջ մտահոգությունը: Երեք օր առաջ ամերիկյան USS Ralph Johnson հրթիռակիրը ցուցադրական անցում Է կատարել Տայվանի նեղուցով, ինչը վերլուծաբանները նույնպես գնահատել են որպես ինչ-որ նախազգուշացում Պեկինին: Միացյալ Նահանգները Տայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 1979 թվականին եւ դրանք հաստատել ՉԺՀ-ի հետ:
Ճանաչելով «մեկ Չինաստան» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շաունակում Է շփումներ պահպանել ինքնակառավարվող կղզու հետ եւ սպառազինություններ Է մատակարարում դրան: Դա բողոքներ Է հարուցում մայրցամաքային Չինաստանում, որտեղ Տայվանը դիտում են որպես Չինաստանի տարածքի անկապտելի մաս եւ վճռականորեն զգուշացնում են անջատական ձգտումների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






































