103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին` Մարիամ Տոնյանը:
Նա 84 տարի հարմոնիա է դասավանդել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից:
Մարիամ Տոնյանը կենսախինդ, առույգ կին է, որը բազմիցս նշել է, որ չէր կարողանա երկար ապրել՝ առանց իր սիրելի աշխատանքի:
2019 թվականին, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի վաստակաշատ ուսուցչուհու 100-ամյակը, նույն օրն էլ ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ԿԳՄՍ նախարարության կողմից Տոնյանը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:
Մարիամ Տոնյանը եղել է Սիլվա Կապուտիկյանի համադասարանցին, լեզվաբան Հրաչյա Աճառյանը նրան նվիրված ակրոստիքոսներ է գրել:
Նրա հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը:
Վաստակաշատ ուսուցչուհին ունի 3 երեխա, 7 թոռ, 10 ծոռ և մեկ կոռ (թոռան թոռ)։