Այսօր կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նա նշեց, որ ներկայումս գործող օրենքը ընդունվել է 1991թ.` հիմք ընդունելով ԽՍՀՄ օրենքը, իսկ այս ընթացքում օրենքը երկու անգամ փոփոխվել է, սակայն, ըստ Մուրադյանի, համակարգային թերությունները չեն վերացվել:
Մուրադյանի խոսքերով՝ բացի նրանից, որ գործող օրենքը չի սահմանում համոզմունքի ազատությունը, նաև իր մեջ կրում է խորհրդային ավանդույթ` տոտալ վերահսկողության պետական հավակնություն, և դրանով պայմանավորված՝ բյուրոկրատական խոչընդոտների առատություն և անհաղթահարելիություն. «Սրա ամենավառ դրսևորումն է կրոնական կազմակերպությունների գրանցման արհեստականորեն բարդեցված, մասնավոր անձանցից ապացուցման անհամաչափ ջանքեր պահանջող գործընթացը, որը, թերևս, այդպես էլ չկարողացավ խոչընդոտել բազմաթիվ և բազմաբնույթ կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում»:
Նշենք, որ գործող օրենքում հոգեորսությունը քրեականորեն պատժելի արարք չի համարվում: Մուրադյանը տեղեկացրեց, որ նոր օրենքի նախագծով առաջարկվում է հոգեորսությունը ենթարկել քրեական պատասխանատվության, որը ենթադրում է ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Մուրադյանը հավելեց նաև, որ առանձին կարգավորվում են Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Գրիգոր Մուրադյանը նշեց, որ Առաքելական եկեղեցին ունի որոշակի մտահոգություններ, որոնք նման քննարկումների ժամանակ հաշվի կառնվեն: Սակայն ինքը կարծում է, որ չափազանցված են այն ռիսկերը, որոնք բխում են նոր օրենքից: Նա նշեց, որ չկա բացարձակ ազատություն` իրավունքն ունի սահմաններ, և դա վերաբերում է նաև կրոնական ազատությանը: Բայց, ըստ Մուրադյանի, չպետք է հարցերը լուծել միայն արգելքների միջոցով, քանզի միայն դրանով հնարավոր չէ համարժեք պատասխան տալ զարգացող իրավիճակին. «Ես լուրջ ռիսկեր նոր օրենքի նախագծում չեմ տեսնում, ռիսկերն առկա են հիմա` գործող օրենսդրության մեջ, և այս օրինագիծը դրա հաղթահարմանն է ուղղված»:
Նշենք, որ համաձայն «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի, կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել արտերկրից, սակայն բոլորին էլ հայտնի է, որ շատ աղանդավորական կազմակերպություններ ֆինանսավորվում են հենց արտերկրից, և դա ձևակերպվում է որպես նվիրատվություն: Հարցին, թե ինչպես է վերահսկվելու այդ հանգամանքը, Մուրադյանը պատասխանեց. «Ես դա որպես հանրահայտ փաստ չեմ ընդունում, սակայն վերահսկման տարբեր մեխանիզմներ կան` սկսած նրանց ֆիսկալ հաշվետվություններից, վերջացրած նրանով, որ նրանց գործողությունները պետք է լինեն թափանցիկ: Սա հնարավորություն կտա որոշակի ողջամտության սահմաններում վերահսկել կրոնական կազմակերպությունների գործունեությունը, սակայն ես կտրուկ դեմ եմ տոտալ վերահսկողությանը»:
Գրիգոր Մուրադյանը նաև նշեց, որ հավանական է, որ որոշ կետեր Վենետիկի հանձնաժողովը բացասական գնահատի, սակայն ոչ միանշանակ. «Մենք դրան պատրաստ ենք, մենք չենք համարում, որ վերջին ճշմարտությունն ենք ասել, մենք կարող ենք հերթական անգամ աշխատել նախագծի վրա, սակայն ես համոզված եմ, որ նախագծի հենքը կպահպանվի»:








































