Արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր կազմակերպել էին քննարկում՝ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն իր խոսքում նշեց, որ հուսով է՝ օրենքի նախագիծը կընդունվի այնպես որպեսզի ամբողջովին համապատասխանի Հայաստանի Հանրապետության՝ այդ ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին: Նա ասաց, որ խղճի, մտքի դավանանքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, ինչպես նաև ԵԱՀԿ-ի ֆունդամենտալ պարտավորություններից մեկն է՝ մարդու իրավունքների երաշխավորման բնագավառում: Կապինոսը նշեց, որ խղճի և կրոնական ազատությունը ամրագրված է նաև հելսինկյան եզրափակիչ ակտում և այն ստորագրած պետությունները պատասխանատվություն են վերցրել իրենց վրա՝ հարգել և ճանաչել անձի խղճի ազատությունը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորեց նման օրենքների հստակեցումը ինչպես նաև երկրում հանդուրժողականության ձևավորումը` հիշեցնելով վերջին շրջանում եվրոպական երկրներում տեղի ունեցած կրոնական հողի վրա կատարված դեպքերը: Նա նշեց, որ կրոնական ազատության նկատմամբ հանդուժողականությունը ժողովրդավարության առաջընթացի հիմքն է, ինչպես նաև փորձություն է ժողովրդավարության համար:
Կապինոսը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում կընդունվի մի օրենք, որը հավանության կարժանանա Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նա կարևորեց նաև օրենքի գերակայության ամրագրումը:










































