
Հունվարի 11–ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել են թե Կրեմլի մամուլի ծառայությունը, թե Հայաստանի կառավարությունը: Ըստ հաղորդագրությունների, քննարկվել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ կորպուսի գործունեության հետ կապված հարցեր: Զրույցի ընթացքում քննարկվել են նաևարցախյան հարցի շուրջ առկա վիճակն ու եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ թեման ղազախական իրադարձությունների ֆոնին որոշակիորեն մղվել էր երկրորդ պլան, սակայն Ադրբեջանը կամա, թե ակամա այն բերեց առաջ բհունվարի 11-ին՝ Հայաստանի սահմանին խախտելով հրադադարը: Տեղի է ունեցել ինտենսիվ փոխհրաձգություն հրետանու և անգամ ԱԹՍ կիրառումով, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանը հայտնում է մեկ զոհի մասին, սակայն հայկական ռազմական փորձագետները նշում է, որ մեր զինուժը տվել է ուժգին պատասխան և ադրբեջանցիների կորուստները շատ ավելին են: Բոլոր դեպքերում, մեզ բնականաբար հետաքրքրում է այն, որ հերթական սրացման հետևանքով զոհվում են հայ երիտասարդները:
Միւաժամանակ, իրավիճակի այդօրինակ լարումը ունի նաև քաղաքական գին և հարկ է հասկանալ, թե որն է այն: Ահա այս համատեքստում Փաշինյան-Պուտին հեռախոսազանգն ու եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկումը դառնում է ինտրիգային: Դա կլինի գին, որ Ադրբեջանը կվճարի հրադադարի խախտման և փաստորեն Ռուսաստանին այս պահին առավել կարևոր օրակարգերից շեղելու համա՞ր, թե՞ դա այն գինն է, որ պահանջում է Ադրբեջանը: Միաժամանակ հնարավոր է, որ Ադրբեջանն այստեղ գործիք է և Կովկասում խաղադրույքները բարձրացնելու փորձ անում է Թոււրքիան, որը տանուլ է տվել ղազախական սեղանի մոտ: Թե՞ Ռուսաստանն է Ղազախստանում «հաղթողի» ինքնավստահությամբ «վերադառնում» Կովկասի օրակարգին: Եվ նշանակու՞մ է դա արդյոք, որ Մոսկվան փորձում է կենտրոնասիական ռեգիոնում հաջողությունը որոշակիորեն կապիտալիզացնել նաև Կովկասում և Ադրբեջանի ու Թոււրքիայի նյարդային շարժերը դրան դիմադրելու փորձ են: Այս պարագայում, Ղազախստանի պաշարը Ռուսաստանին կարող է և չբավականացնել ու էական է լինելու, թե ինչ պաշար կհաջողվի կուտակել նաև Բրյուսելում, որտեղ երկամյա դադարից հետո հունվարի 12-ին առաջին անգամ անցկացվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ և քննարկվում է փոխադարձ անվտանգության երաշխիքների հարցը: