Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է տեղեկություն Էրդողանի և Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի մասին, այդ տեղեկության մեջ նշելով, որ Էրդողանը Շոլցի հետ խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերության մասին նշել է, որ Անկարան ակնկալում է այդ հարաբերությունը ԵՄ անդամակցության հեռանկարի հիման վրա: Սա բավականին ուշագրավ հանգամանք է, եթե նկատի ունենանք այն, որ էրդողանյան Թուրքիան կարծեք թե ընդհանրապես հեռացել էր ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիայի երբեմնի դիրքերից, ձգտելով Օսմանյան կայսրության վերականգնման ևւ մահմեդական աշխարհի առաջնորդության, շեշտը դնելով ոչ թե երկրի ժողովրդավարացման, այլ հակառակը՝ իսլամականացման և ամբողջատիրական, ավտորիտար կառավարման վրա:
Էրդողանի նախագահությունը աչքի է ընկել հենց այդ շեշտադրումներով, միտումներով ու հավակնություններով, որոնք որևէ կերպ չեն կարող համարժեք դիտվել այն ուղենիշներին, որ ենթադրվում է Եվրամիության հետ սերտ հարաբերության, առավել ևս անդամակցության ակնկալիքի պարագայում: Նշանակու՞մ է սա արդյոք, որ Էրդողանը «հանձնվում» է, թե՞ ժամանակավոր հնարք է, տակտիկական շարժ, որ պայմանավորված է ինչ-ինչ բարդություններով, որոնք այդ թվում նաև Արևմուտքի հետ հարաբերության մեղման և կառուցողականության մթնոլորտի ձևավորման միջոցով լուծելուց հետո, Էրդողանը իքս պահին դարձյալ շրջվելու է մեջքով կամ հարվածելու է Եվրոպային մեջքից: Թուրքիան ունի տնտեսական լուրջ խնդիրներ ու թեև Էրդողանը օրերս ներկայացրել է տնտեսական նոր քաղաքականության հիմնադրույթները, ասելով, որ դրանք խարսխված են լինելու լիրայի փոխարժեքի անկման վրա տեղական արտադրանքը խթանելու և տեղական արտադրողին, ներդրումները խրախուսելու տրամաբանության վրա, այդուհանդերձ ինքն էլ թերևս պատկերացնում է, որ տնտեսությունը լոկ հայտարարությունները չեն և դրանք կարող են ունենալ կարճաժամկետ էֆեկտ, իսկ գործը պահանջում է շատ երկար ժամանակ: Մինչդեռ Էրդողանը
կարող է ժամանակ չունենալ, հետևաբար կարող է ելքեր փնտրել նաև Արևմուտքի հետ մերձենալու տեսքով: Այդ համատեքստում, ի դեպ, Բլումբերգ գործակալությունը հայտնել էր, որ Էրդողանը հենց Բայդենին դուր գալու համար է սկսել հայ-թուրքական հարաբերության կարգավորման աշխատանք, ինչի մասին ԱՄՆ նախագահը նրան հորդորել է դեռևս հոկտեմբերին Մեծ Քսանի հռոմյան Վեհաժողովում: Ընդ որում, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը էական գործոն է եղել նաև Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերության համար: Եթե այժմ Էրդողանը «դարակից» դուրս է բերում ԵՄ անդամակցության թեման՝ Գերմանիայի նոր կանցլերի հետ զրույցում, ապա կա հիմք դիտարկելու, որ Հայաստանի հետ հարաբերության ուղղությամբ աշխատանքը Էրդողանի այդ ավելի լայն խաղի մաս է: Այդ իրավիճակն իհարկե պետք է կարողանա օգտագործել նաև Հայաստանը, առավել ևս, որ ուժերի հարաբերակցության իմաստով առավելությունն անշուշտ Թուրքիայինն է և Հայաստանի համար առավել կարևորություն է ստանում նպաստավոր ամենափոքր հանգամանքն իսկ: Միաժամանակ, Հայաստանն անշուշտ պետք է պատրաստ լինի այն շրջադարձերին, որոնք կարող են տեղի ունենալ Էրդողանի ավելի լայն խաղի պլաններում և ըստ այդմ դրանով իսկ ազդել նաև հայ-թուրքական հարաբերության հարցում Թուրքիայի վարքագծի վրա:







































