«Ինձ չի հետաքրքրում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, չեմ կարևորում երկխոսությունը՝ որպես որոշիչ: Այսօր ավելի կարևոր են բուն Հայաստանում տեղի ունեցող գործընթացները`աղքատություն,արտագաղթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է իր առջև դնի երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակ, սակայն ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեջ նա չի տեսնում այդ նպատակի առկայությունը:
Նրա խոսքով՝ այսօր միայն իշխանությունն է ի վիճակի երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, քանի որ քաղաքական մյուս ուժերը չունեն ռեսուրսներ՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: «Կառավարությունը այսօր որոշակի քայլեր է ձեռնարկում՝ գյուղատնտեսությունը վատ վիճակից դուրս բերելու համար»,- ասաց Շիրխանյանը` ավելացնելով որ այն գյուղնախարարները, որոնց ժամանակ վարելահողերը դարձան ոչ պիտանի, պետք է պատասխանատվություն կրեն, և սա այն հարցերից է, որ պետք է լուծվի ազգովի:












































