ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել «Սևան» ֆուտբոլային ակումբի այսօր «Ալաշկերտ»-ի դեմ խաղին չներկայանալու վերաբերյան․ «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:
Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Սևանը» հայտարարել էր, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ մրցավեճին։ Օրեր առաջ «Սևանը» ևս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՖՖ-ին ներկայացնելով մի շարք պահանջներ, որոնք ըստ երևույթին չեն կատարվել։







































