Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին գնահատականների և դատողությունների պակաս կարծես թե չկա: Այդ շարքում բավական զգալի տեղ են գրավում տեսակետներն այն մասին, որ Հայաստանում ընդդիմության հաջողության, այսինքն` իշխանության ընտրակեղծարարության դեմն առնելու ունակ հասարակական շարժում ձևավորելու համար պետք է ձևավորել գաղափարական ընդդիմություն:
Առաջին հայացքից դա բավական ռացիոնալ և նույնքան, իսկ գուցե ավելի գեղեցիկ ձևակերպում է, որը մերժելը գործնականում անհնար է: Անշուշտ, գաղափարական ընդդիմությունը եթե ոչ անհրաժեշտ, ապա գոնե շատ ցանկալի մի երևույթ է: Բայց արդյո՞ք այդ հանգամանքն է, որ այսօր պակասում է Հայաստանում ընդդիմության հաջողության համար: Հազիվ թե: Բանն այն է, որ եթե խոսք է գնում հայաստանյան իրավիճակի և ելքերի մասին, ապա թերևս լավ ելք կամ ռացիոնալ ելք առաջարկելու համար պետք է նախ ռացիոնալ պատկերացնել առկա իրավիճակը, հասկանալ, թե ի՞նչ է ցանկանում հասարակությունն այդ իրավիճակում, ո՞րն է հասարակությանը հուզող ամենաբարդ խնդիրը:
Այդ իմաստով, երբ փորձում ենք անգամ մի թեթև հայացք նետել իրականությանը, ապա տեսնում ենք, որ գաղափարի բացակայության խնդիրը չէ, որ հասարակությանն այսօր հուզում է: Անկախության տարիներից ի վեր Հայաստանի հասարակությունը լսել, տեսել ու թերևս հասկացել է մի պարզ բան, որ գաղափարները ոչինչ են, եթե չեն գտնվում համապատասխան անձանց ձեռքում: Դրա վկայությունը Հայաստանում գրեթե բոլոր տեսակի գաղափարների վարկաբեկումն է:
Դրանից բացի, հասարակությանը այսօր հուզում է մի խնդիր` Հայաստանում օրինականության և իրավականության խնդիրը: Դրանից ավելի էլ ի՞նչ գաղափարի մասին է խոսքը: Հետևաբար, հասարակությունն ունակ է համախմբվելու և գնալու այն ուժի հետևից, որը կմատուցի այդ խնդիրը լուծելու գործնական առաջարկների փաթեթ: Ընդ որում` շատերի մոտ այդ փաթեթը նույնացվում է հեղափոխական ծրագրի հետ: Դա ամենևին այդպես չէ: Հասարակությունը միայն հեղափոխություն չէ, որ պահանջում է ընդդիմադիր ուժից: Հանրությունը պահանջում է ընդամենը հետևողականություն, արժեքային և բովանդակային ադեկվատություն և հետևողականություն սեփական կարգախոսների հանդեպ: Հասարակությունը այժմ ունի գործնական լուծումների, ոչ թե ինչ-որ գաղափարների պահանջարկ:
Այդ իմաստով, օրինակ, ասել, թե Հայ Ազգային Կոնգրեսը քանի որ ապագաղափարական, այսինքն` ոչ գաղափարական ընդհանրությամբ կառույց է, հետևաբար անկարող է որևէ խնդիր լուծել հիմնարար առումով, մեղմ ասած` այդքան էլ ճիշտ չէ: Այո, Կոնգրեսում միավորված են գաղափարական տարբեր բևեռներում գտնվող ուժեր: Նույնիսկ կարելի է նրանցից ամեն մեկի պարագայում կասկածել այդ գաղափարական հենքի անկեղծությանը կամ դրա հանդեպ ադեկվատությանը, բայց խնդիրն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հիմքում, թերևս, բավական դիպուկ է դրված օրվա հրամայականը` սահմանադրական կարգի վերականգնում: Մարդիկ, որոնք կասկածում են այդ ձևակերպման անկեղծությանը, կասկածում են, որ Կոնգրեսը հենց այն ուժն է, որը կիրականացնի դա կամ ինքը հավատարիմ կլինի այդ կարգին, բնականաբար, ունեն այդ կասկածների իրավունքը: Բայց դա բոլորովին այլ խոսակցության և քննարկման նյութ է, գտնվում է այլ հարթության վրա:
Ելակետային հենքի իմաստով խնդիրը Կոնգրեսը ձևակերպել է շատ դիպուկ: Նախ` պետք է երկրում հաստատել սահմանադրական կարգ, օրինական և իրավական միջավայր, որտեղ օրենքն ու իրավունքը կլինեն որոշիչը ցանկացած հարցում, նոր հետո միայն անցնել զարգացման գաղափարական ուղղությունների շուրջ մրցակցության: Բանն այն է, որ ներկայումս հասարակությանը մարտահրավեր է նետել ոչ թե սխալ, թերի, ժամանակավրեպ գաղափարը, այլ անօրինականությունը, անիրավությունը: Ընդ որում` դա այդ մարտահրավերի բավական մեղմ բնորոշումն է: Ընդ որում` այդ անօրինականությունն ու անիրավությունը սքողվում է, շղարշվում է գեղեցիկ գաղափարներով լցված ելույթներով: Իսկ այդ ելույթների մեջ որոշ գաղափարներ փաստացի այդքան էլ վատը չեն, որոշ դեպքերում նույնիսկ լավն են:
Բայց երբ հերթը հասնում է իրական գործին, ապա տեսնում ենք, որ իշխանության զենքը ոչ թե գաղափարն է, այլ անօրինականությունն ու կամայականությունը, անիրավությունն ու անարդարությունը: Ուրեմն, բացի օրինականության և իրավունքի հաստատման «գաղափարից», ուրիշ էլ ի՞նչ գաղափար է, որ ունակ է ներկայիս մթնոլորտի և համակարգի դեմ ծավալել հասարակական լայն արձագանք ունեցող շարժում: Հետևաբար, գաղափարական ընդդիմության ձևավորման մասին դատողությունները կամ ուղղակի բարի ցանկության ոլորտից են, կամ մոլորություն են, կամ էլ պարզապես հասարակությանը մոլորեցնելու փորձ են` այն իմաստով, որ մինչև չլինի գաղափարական ընդդիմություն, չի լինի ոչինչ: Դե իսկ թե ո՞րը կարող է լինել վերջին տարբերակի նպատակը կամ դրդապատճառը, թերևս այնքան էլ դժվար չէ կռահել:
Թե Հայաստանում գաղափարական ընդդիմության ձևավորման մասին դատողություններից որը որ կատեգորիայի տակ է տեղավորվում` բարի ցանկություն, մոլորություն, թե «հայտնի նպատակներով» մոլորեցնելու փորձ, դա արդեն այլ խոսակցության թեմա է, որը թերևս առավել սուբյեկտիվ հարթություն է ենթադրում: Ինչպես որ այլ խոսակցության թեմա է նաև սահմանադրական կարգի հաստատման և օրինականության ու իրավունքի գերակայության հասնելու կարգախոսների վրա իրականացվող շարժման արդյունավետության հարցը: Օբյեկտիվ իրողությունը, թերևս, այն է, որ գաղափարական մրցակցության համար Հայաստանում չկա որևէ նախադրյալ, և նախևառաջ պետք է մտածել այդ նախադրյալը ստեղծելու մասին, քանի որ հակառակ պարագայում ստացվում է հայտնի ասացվածքը` «շունը հաչում է, քամին փչում»:






































