Հայաստանում ներկայում բնապահպանական տեսակետից առավել շատ վտանգ է սպառնում Ծաղկաձորին, որտեղ անտառները զանգվածայնորեն հատվել են, և դրանց տեղում կառուցապատում է ընթանում. Սևանին, որտեղ շարունակվում է անօրինական կառուցապատումը, 122 մլն դրամ է հատկացվել 283 հա անտառների մաքրման համար, սակայն դրանք դեռ ջրի մեջ են, ավազանում գործում են 27 լեռնահանաքային ձեռնարկություններ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջապատին. Դիլիջանին, որը շուտով կարող է վերածվել Ծաղկաձորի. Ջերմուկին, որտեղ ներդրումներ են արվում առողջարանային նպատակներով, սակայն հաջորդ տարի սկսվելու է Ամուլ սարի ոսկու հանքի շահագործումը:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «ԷկոԼուր» հկ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ըստ նրա՝ ՀՀ 2 ազգային պարկերում`Սևանում և Դիլիջանում, զբոսաշրջության զարգացումը վնասում է բնությանը: Ընդ որում, Սևանում զբոսաշրջությունը ծաղկում է լճի սկզբնամասում, իսկ Արեգունի և Շիշկայա գյուղերի հատվածում ոչ մի ենթակառուցվածք չի ստեղծվում: Լճի համար մեծ խնդիր են դարձել աղբի կուտակումները, մինչդեռ Գագարինում աղբի վերամշակման գործարանի կառուցումը մնացել է թղթի վրա: Իսկ Դիլիջանում օբյեկտների կառուցման պատճառով 1.5 անգամ ավելացել են ծառահատումները:
«Ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին: Կոնցեպցիա է պետք մշակել ռեկրեացիոն գոտին զարգացնելու համար»,- ասաց Ի. Զարաֆյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ճիշտ չէ հրաժարվել բնությունն օգտագործելուց, պարզապես դա պետք է խելամիտ արվի, և եթե որևէ ձեռնարկություն վնասում է բնությանը ու չի փոխհատուցում, ապա պետք է դադարեցնի գործունեությունը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք հանքարդյունաբերության ծավալների աճի ներկա միտումները չե՞ն խանգարում զբոսաշրջությանը,Ապրեսյանը պատասխանեց, որ դա գնահատելու համար հատուկ մասնագիտական վերլուծություն է հարկավոր և միաժամանակ նշեց, որ, դատելով զուտ զբոսաշրջիկների այցելությունների աճից, հանքարդյունաբերությունը չի խանգարում զբոսաշրջությանը:






































