Ամերիկյան բժշկական գիտական կենտրոնի առաքելությունը Հայաստանում ախտորոշիչ սարքավորումներով աշխատող մասնագետների պատրաստումն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիկյան բժշկական գիտական կենտրոնի ղեկավար Վարդան Կարագյոզյանը՝ հավելելով, որ իրենք այստեղ են գտնվում ոչ կառավարական հրավերով, թեև հանդիպումներ են ունեցել Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք պաշտոնյաների ու մասնագետների հետ:
Նրա խոսքերով՝ կենտրոնն արդեն 18 տարի գործում է Կալիֆոռնիայի Լոս-Անջելես քաղաքում և վայելում է ԱՄՆ կառավարության աջակցությունը, որը ուսանողներին կրթաթոշակներ է հատկացնում՝ ժամանակակից բժշկական սարքավորումներով աշխատանքում մասնագիտանալու համար: «Հայաստանի առողջապահական համակարգն ունի լուրջ փոփոխությունների կարիք, քանի որ Բժշկական համալսարանը տալիս է այնպիսի մասնագետներ որոնք չեն կարող աշխատել բժշկական սարքավորումներով, մեր նպատակն այդ մասնագետներին վերապատրաստելն է»,-ասաց Կարագյոզյանը:











































