Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունից հայտնել են, որ վրացի Ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան հեռացվել է Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնի ռեժիսորը հայտնում է Facebook-յան իր էջում:
Վրացի ռեժիսորը հրապարակել է իր հեռացման մասին նախարարի հրամանը: Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 9-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 15-ից։ Դրանում հեռացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ինքը՝ Ստուրուան, մեկնաբանել է իր հեռացումը հետևյալ կերպ. «Ես չեմ թաքցրել իմ քննդատական տրամադրությունները՝ Վրաստանի գործող իշխանությունների նկատմամբ, որոնք տանել չեն կարողանում իմ քննադատությունը»:
Հուլիսին վրացական Все новости ամսագրին տված հարցազրույցում Ստուրուան ասել էր. «Վրաց ժողովուրդը պետք է հրաժարվի այս ղեկավարությունից, ինչպես գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից»:
Ստուրուան Грузинформ գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի մասին մի անգամ ասել էր. «Նա հայ է, ի՞նչ արած»։
Ռեժիսորի այս հայտարարությունը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել Հայաստանում և Վրաստանում, նրան մեղադրում էին ռասիզմի և քսենոֆոբիայի մեջ։
Ռոբերտ Ստուրուան երկու տարի առաջ հրավիրվել էր Հայաստան՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար, սակայն դեռ աշխատանքները չսկսած՝ նա հեռացել էր այստեղից՝ իր հեռանալու պատճառների մասին առանց որևէ բացատրություն տալու:
Ռոբերտ Ստուրուան ծնվել է Թբիլիսիում՝ 1938թ.։ Նա հայտնի է դարձել Շեքսպիրի, Բրեխտի և Չեխովի բեմադրություններով: 1982թ. նրան տրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։











































